28/05/2020 16:10
Պետքարտուղարությունում մտադիր են շարունակել Իրանի «դիվանագիտական մեկուսացումը»
Միացյալ Նահանգները շարունակելու է Իրանի վրա տնտեսական ճնշման և նրա «դիվանագիտական մեկուսացման» արշավը:. հեռախոսային ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Իրանի հարցով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը:
«Մենք կրոնական ղեկավարությանը զրկել ենք ահռելի միջոցներից»,- նշել է Հուկը: Նրա կարծիքով՝ իրանական ղեկավարությունը կանգնած է ընտրության առջև՝ «ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել կամ լուծել տնտեսական կոլապսը»:
Հատուկ ներկայացուցիչը կարծում է, որ իրանական տնտեսությունն իբր «խոր անկման» վիճակում է, իսկ արտասահմանյան պահուստներին հասանելիությունը նվազագույն է: «ԱՄՆ-ն հաջողությամբ շարունակում է առավելագույն տնտեսական ճնշման ցուցաբերման և դիվանագիտական մեկուսացման ռազմավարությունը»,- ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն չորեքշաբթի հայտնել էր, որ Վաշինգտոնը որոշել է դադարեցնել պատժամիջոցների ռեժիմից ժամանակավոր բացառությունները, որոնք Թեհրանին թույլ են տալիս ԳՀՀԾ անդամ երկրներից օգնություն ստանալ ատոմի խաղաղ յուրացման ոլորտում:
Չեղարկված բացառությունները Ռուսաստանի, Չինաստանի և եվրոպական երկրների ընկերություններին թույլ էին տալիս շարունակել Իրանի միջուկային օբյեկտներում ատոմային էներգետիկայի խաղաղ օգտագործման գործունեությունը՝ չվտանգվելով հայտնվել ամերիկյան սահմանափակող միջոցառումների գործողության տակ: Սա ուղիղ կերպով առնչվում է Արաքում ծանր ջրով աշխատող ռեակտորին, որը Իրանը ԳՀՀԾ-ի շրջանակում մյուս երկրների աջակցությամբ պետք է վերակառուցեր խաղաղ նպատակներով միջուկային հետազոտությունների անցկացման համար, ինչպես նաև Թեհրանում հետազոտական ռեակտորը հարստացված ուրանով ապահովելուն, Իրանից մշակված վառելիքի դուրսբերմանը:
ԱՄՆ վարչակազմը միջազգային ընկերություններին 60 օր է հատկացրել այս օբյեկտներին առնչվող գործունեության դադարեցման համար: