29/05/2020 17:20
Փոխզիջման պատրաստակամության վրա հիմնված կառուցողական մոտեցումը կօգնի հասնել ԼՂ հակամարտության կարգավորմանը. Մհեր Գրիգորյան
Հայկական կողմը կտրականապես դեմ է ԱՊՀ հարթակի օգտագործմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի միակողմանի պատկերացումների պարտադրման նպատակով, ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին տեսակապով ասել է ՀՀ փոխարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Հայկական կողմը հաստատում է իր հանձնառությունը հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան՝ իրենց ամբողջության և փոխկապվածության մեջ՝ համաձայնեցված ձևաչափի շրջանակներում, որն ուղղված է լարվածության թուլացմանը և խաղաղ համակեցության մթնոլորտի վերականգնմանը», - ասել է ՀՀ փոխվարչապետը։
Մհեր Գրիգորյանն ադրբեջանական գործընկերներին հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման համար միջազգային հանրության մանդատով օժտված միակ ձևաչափ է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը:
«Ցանկանում եմ նաև հիշեցնել և վերահաստատել մեր սկզբունքային դիրքորոշումը, որ միայն մաքսիմալիստական դիրքերից հրաժարման և փոխզիջման պատրաստակամության վրա հիմնված կառուցողական մոտեցումը կօգնի առաջ շարժվել և հասնել հակամարտության կարգավորմանը», - ավելացրել է Մհեր Գրիգորյանը։