29/05/2020 16:30
Ունենք բավականին օգտակար որոշում. Քոչարյանի պաշտպանը՝ ՄԻԵԴ դիրքորոշման մասին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ սահմանել է, որ բլանկետային նորմը կարող է կիրառելի լինել միայն այն դեպքում, եթե այն բավարար հստակ է և կանխատեսելի, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։
«Պարզ է, որ տվյալ դեպքում հստակության և կանխատեսելիության պահանջներն առհասարակ չունենք 300. 1 հոդվածում։ Եվրոպական դատարանը նաև մեկ այլ կարևոր հանգամանք է ընդգծել, որ այն արարքը, որը հանցագործություն է համարվում, պետք է լինի հստակ։ 300.1 հոդվածը նաև այս պահանջին չի բավարարում», - ասաց Արամ Վարդևանյանը։
Ինչ վերաբերում է հոդվածի հետադարձ ուժին, քանի որ 2015 թվականին սահմանադրության փոփոխություն է տեղի ունեցել, Վարդևանյանն ասաց.
«Եթե Եվրոպական դատարանը խնդիր չտեսներ, պարզապես կնշեր, որ այստեղ խնդիր չկա։ Եթե խնդիր չլիներ, ապա Եվրոպական դատարանն այս հարցը նույնիսկ վարույթ չէր ընդունի։ Իսկ այսօր ունենք բավականին օգտակար որոշում, որտեղ հետադարձ ուժի մասով հստակ նշվել է, որ չի կարող այն արարքը, որն ավելի խստացնող է, հետադարձ ուժ ունենալ։ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի մեջ նշված է նաև կանոնը, ինչպես է պետք որոշել՝ հետադարձ ուժի կանոնը կիրառելի՞ է, թե՝ ոչ։ Պետք է ուշադրություն դարձնել ներպետական պրակտիկային. սա բառացի տեղ է գտած այս խորհրդատվական կարծիքի մեջ»։
Այս դեպքում, փաստաբանի խոսքով, Հայաստանում կա ներպետական պրակտիկա, կա «7-ի գործ», կա նաև Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցում՝ մեկ հիմքով պայմանավորված՝ հետադարձ ուժի։
«Սրանք, բնականաբար, օգտագործվելու են հասցեատիրոջ և մեր կողմից։ Հասցետերը Սահմանադրական դատարանն է։ Իրավունքի զարգացման համար այս որոշումը չափազանց օգտակար է լինելու», - ասաց Վարդևանյանը։