29/05/2020 11:50
Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը. քաղաքագետ
Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի և ՀԴՄ-ների կողքին։ Իհարկե, այս չորս սիմվոլն էլ երկրի զարգացման հետ որևէ կապ չունեն, սակայն ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այնպես էլ այժմ գերագնահատվում է դիմակների դերը, ընդհուպ՝ մինչև վարչապետի հայտարարություն, թե դիմակ կրելով մենք կարող ենք զրոյացնել վարակակիրների թիվը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«ՀԴՄ-ները և դիմակներն ունեն կարևոր զուգահեռներ։ Երկու դեպքում էլ առանց խորանալու բնագավառի խնդիրների մեջ՝ մի դեպքում տնտեսության, մյուս դեպքում՝ առողջապահության, իշխանությունները հայտնագործում են պարզունակ համադարմաններ, որոնք հայտարարվում են, թե ոլորտների խնդիրների լուծման բանալիներն են։ Երկու դեպքում էլ այս խախտումների դեմ պայքարում են պատժիչ մարմինների և պատժիչ տուգանքների միջոցով։ Երկու դեպքում իշխանությունների մտահոգությունն անգամ պատահական խախտումների համար աղմուկ բարձրացնելն է, քան հարցը տրամաբանության մեջ լուծելը: Օրինակ` կարելի է համադրել Արշակ Զաքարյանի հացատանը կերած քյաբաբի համար Նիկոլ Փաշինյանի աղմուկը ՀԴՄ տպելու թղթի բացակայության համար ամուսիններին նույն մեքենայի մեջ դիմակ պարտադրելու հետ։
Ամենակարևորը՝ երկու դեպքում իրադրության վատ արդյունքների համար պատասխանատվությունը դրվում է «ժողջանի» վրա: Այսինքն`մեր վարչապետն ամեն ինչ անում է ձեզ համար, բայց քանի որ դուք ՀԴՄ չեք պահանջում (դիմակ չեք կրում), ապա վատ եք ապրելու (ապա հիվանադանալու եք ու մեռնեք)։ Եվ իհարկե, այն լայն դաշտ է բացում Նիկոլ Փաշինյանի սիրելի գործի՝ մեղավորներ փնտրել-գտնելու ու հանդիմանել-մուննաթ գալու համար։ Այս առումով ՀԴՄ-ն ու դիմակը իշխանության սրտի գործիքներն են, իսկ ամեն ինչի պատասխանատուն մնում է ժողովուրդը։
Ավելի վատն այն է, որ Նյուտոնի երրորդ օրենքը գործում է նաև հասարակական հարաբերություններում։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը հասարակությունը բաժանել է սևերի ու սպիտակների, ապա նրա ուղերձներին ենթարկվում են իր սպիտակները, իսկ սևերն, ասենք, հայտարարում էին՝ տար էդ ՀԴՄ-դ Նիկոլին տուր։ Եվ դա միայն Նիկոլ Փաշինյանին հակադրվելու զուտ ցանկությունը չէր։ Քաղաքացիները տեսնում էին, որ հանուն ՀԴՄ-ների պայքարը վեր է ածվում իրենց հանդեպ ծաղրի՝ լուրջ կոռուպցիոն դրսևորումներով, բայց նաև՝ որ դրանից ոչինչ չէր փոխվում տնտեսության մեջ։
Նույն զավեշտալի, բայց տխուր դրությունը դիմակների դեպքում է, երբ «սև» քաղաքացիների մի մեծ խումբ չի հավատում դիմակի զորությանը, քանի որ այդ մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Պատճառը միայն նրան հակադրվելը չէ, որ մարդիկ հասկացել են ոչ միայն որ նա հաճախ սուտ է խոսում, որ արժեզրկել է իր խոսքը։ Պատճառներից է նրա և նրա կառավարության ոչ պրոֆեսիոնալ, անհեթեթ, անգամ՝ հիմար հայտարարությունները, քաղաքացիներին ծաղրելը։ Պատճառներից է դիմակներ կրելու պայմանների հակասականությունը և անտրամաբանականությունը։ Պատճառներից է, որ ինչպես ՀԴՄ-ների դեպքում էր, շատ իրավապահներ դիմակ դնելուն հետևելու փոխարեն, պարզապես որս են կազմակերպում՝ բռնելու իրավիճակը, երբ ինչ-որ քաղաքացի ինչ-որ պահի հանում է դիմակը։ Պատճառներից են դիմակների արտադրության, վաճառքի և գների հետ կապված լուրջ կոռուպցիոն կասկածները։ Պատճառներից է, որ չեն հասկանում, ինչպես մսխվեց 104 մլն․ դոլար օգնությունը և հավաքված շուրջ 1 մլրդ դրամը, իսկ իրավիճակն ավելի վատացավ։ Եվ, ի վերջո, պատճառներից է այն, կառավարությունը քաղաքացիների բուժումը կիսատ է թողնում և տուն ուղարկում, որոշում է սորտավորել հիվանդներին, որոշել, թե ով է արժանի բուժման, և ով՝ մահվան։
Պողոսների դեպքում իրավիճակն այլ է։ Պողոսները չեն կարող մեղավոր լինել, քանի որ նրանք արել են պրոտոկոլի բոլոր կետերը․ «դըմփ-դըմփ-հու» ասել են, ջուջուլը կերել են, քֆուրը գրել են։ Նրանք ամբողջովին վստահում են Նիկոլին, երբ վերջինս խոսում է, որ սաղ Սերժն ա մեղավոր։ Այլ դեպքերում էլ են վստահում Նիկոլին, բայց էնպես թեթև, մի քիչ։ Հիմա Նիկոլը չի ասել, որ նախկիններն են բոլորին վարակում։ Պողոսը մտածում է ու գտնում է՝ ուրեմն Բիլ Գեյթսն է, իսկ 5G-ից դիմակը չի փրկում։ Ուրեմն, ինչու անիմաստ դիմակ հագնել, եթե «մեկ ա, սաղս էլ վարակվելու ենք»»։