29/05/2020 11:12
Չփորձեք մեզ հետ ուժի լեզվով երբևէ խոսել, այլապես ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր. Արցախի նախագահն`Ալիևին
Երեկ արդեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություններ է կատարել: Իհարկե, չեմ ուզում վիրավորել, բայց քաղաքական գործչին վայել հայտարարություն չէ, երբ նա ասում է, որ աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Այսինքն, ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև: Մենք պատրաստ ենք, պատրաստ ենք, և ուզում եմ վստահեցնել, որ արդյունքները մեզ համար պարզ են. այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր: Չփորձեք մեզ հետ ուժի լեզվով երբևէ խոսել: Ալիևը նաև ասել է. «Մեր հին քաղաք Էրիվանը տվել են Հայաստանին. դա չի կարելի ներել»: Դուք հնարավորություն ունեք ձեր «պատմական» անճշտությունները շտկելու, բայց դա Ադրբեջանի համար կործանարար է լինելու: Ուժի լեզվով չխոսեք մեզ հետ: Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հասնել հարցի լուծմանը:
Իհարկե, խնդիրը կարող է լուծվել նաև փուլային տարբերակով, բայց մեկ պայմանով. առաջին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորոդ՝ անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո՝ բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու», - իր խոսքն ամփոփեց Արցախի Հանրապետության նախագահը: