29/05/2020 18:13
Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է վատթարանալ. այս տեմպերով շարունակելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին. վարչապետ (Տեսանյութ)
Հանարապետությունում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է վատթարանալ, այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք 1 մլն բնակչին բաժին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի և Ֆրանսիայի ցուցանիշները և, ըստ էության, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Այս տեմպերով շարունակվելու դեպքում կհասնենք Իտալիայի ցուցանիշին:
Համաճարակի տարածման այսպիսի տեմպը բերում է ծանր դեպքերի և մահվան դեպքերի աճի: Նման իրավիճակի պատճառը մեր քաղաքացիների կողմից համաճարակին պատշաճ լրջությամբ չվերաբերվելն է», - ասաց գործադիրի ղեկավարը՝ հիշեցնելով, որ այսօր Երևանի բոլոր բակերում կառավարությա անունից կանխարգելիչ միջոցառումների մասին հայտարարություններ են հնչել:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ առանց դիմակի հաղորդակցվել կարելի է միմիայն ընտանիքի անդամների, ուրիշ ոչ ոքի հետ:
Նա վստահություն հայտնեց՝ իրենք հարյուր տոկոսով համոզված են, որ պարետատան առաջարկած կանոները պահպանելու դեպքում կորոնավիրուսի դեպքերը ոչ միայն կնվազեն, այլև կձգտեն զրոյի:
Նիկոլ Փաշինյանն ազգաբնակչությանը հորդորեց բարոյապես նեցուկ լինել ոստիկանությանն ու առողջապահական համակարգին, որոնք երկու ամսից ավելի աշխատում են գերծանրաբեռնված պայմաններում: