29/05/2020 10:04
«Փաստ». Մարզերում կենտրոնական իշխանության կողմից տրվող ցուցումները ոչ ամբողջությամբ են կիրառվում, կամ կատարվում են իմիջիայլոց
«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ-ում արտակարգ դրությունը շարունակվում է, չնայած այն հանգամանքին, որ պարետատան կողմից հիմնական սահմանափակումներն արդեն իսկ հանված են։ Ինչպես հայտնի է, արդեն պարտադիր է դարձել դիմակներ կրելը։ Որպես կանոն՝ մարզերում կենտրոնական իշխանության կողմից տրվող ցուցումները ոչ ամբողջությամբ են կիրառվում, կամ կատարվում են իմիջիայլոց։
Արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում, չնայած մայրաքաղաքում և գլխավորապես մարզկենտրոններում ու մյուս խոշոր քաղաքներում բավական խիստ սահմանափակումներ էին կիրառվում, գյուղական վայրերում իրավիճակը բավականին բարձիթողի էր։ Մեր լրագրողներն ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ վերջին 2-3 օրերին մարզերում էապես խստացվել է վերահսկողությունը։ Մասնավորապես, պետական նշանակություն ունեցող ճանապարհներին, քաղաքների մուտքային հատվածներում, ինչպես նաև մարզերի սահմանագծում տեղակայված են հսկիչ կետեր, որտեղ խստացված ռեժիմով ստուգվում է մեքենաների ողջ շարժը։
Ոստիկանությունը բավարար չափի ուժերով ՀՀ մարզերում հետևողական վերահսկողություն է իրականացնում։ Հավելենք, որ ՏԻՄ ղեկավարներին ևս հորդորվել է իրենց համայնքներում հետևողականություն դրսևորել պարետի ցուցումները կատարելու նպատակով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: