29/05/2020 16:42
Սենյակն օդափոխել, սանհանգույցը ճիշտ մաքրել, պահել հիգիենայի կանոնները․ որ դեպքերում տնային պայմաններում կորոնավիրուսի բուժումը վտանգավոր չէ ընտանիքի անդամների համար
Aysor.am-ը զրուցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պոլիկլինիկայի տեղամասային թերապևտ Սաթենիկ Գրիգորյանի հետ՝ կորոնավիրուսի ասիպմտոմ դեպքերի ժամանակ տնային պայմաններում բուժման ձևերի, բժշկական հսկողության, կորոնավիրուսով հիվանդ պացիենտների հետ աշխատելու առումով պոլիկլինիկաների բժիշկների պատրաստվածության մասին։
- Տիկին Գրիգորյան, ո՞ր դեպքերում է որոշում կայացվում, որ պացիենտները պետք է բուժումը շարունակեն տնային պայմաններում։ Ինչպե՞ս են կազմակերպվում այդ աշխատանքները։
- Թեթև ձևերի ժամանակ՝ 37-38 աստիճան տաքության դեպքերն ամբուլատոր հսկողություն են ենթադրում, որը կատարվում է թե՛ տեղամասային պոլիկլինիկայի բժշկի կողմից, թե՛ հատուկ բժիշկների, որոնք կորոնավիրուսային հիվանդության ժամանակ ամեն օր զանգում են, կապ են պահպանում հիվանդների հետ, պարբերաբար ճշտումներ են կատարում հիվանդի ինքնագացողության մասին, տվյալ թերապևտը ևս կապի մեջ է լինում հիվանդի հետ ու օրը երկու անգամ ճշտում է նրա առողջական վիճակը։ Նման դեպքերում հիվանդները նշանակված բուժումը ստանում են տանը։
Այս պահի դրությամբ, շուրջ մեկ շաբաթ վարակի թեթև ձևերով պոլիկլինիկայի բժիշկներն են զբաղվում։ Եթե բարդություն կամ գանգատ է լինում, բժիշկն անձին հրավիրում է պոլիկլինիկա, հատուկ մեքենայով, այստեղ մեկուսարան ունենք, առանձին մուտքով անձը մտնում է պոլիկլինիկա, տեղում ջերմաչափում ենք, թոքերի ռենտգեն է իրականացվում, այնտեղ էլ անձն այլ մուքով է տեղափոխվում։ Անհրաժեշտության դեպքում բուժման տակտիկան փոխվում է։
- Որո՞նք են նման բուժման ընթացքում առաջացած հիմնական բարդությունները։
- Հիմնական բարդությունը թոքաբորբն է։ Դրանից ենք խուսափում։ Թեթև ձևեր շատ են լինում, հիվանդները նույնիսկ չգիտեն, որ իրենք հիվանդ են։ Հնարավոր է անգամ տաքություն չունենան։ Շատ հիվանդներ ունենք, որ որևէ գանգատ չունեն, միայն թեստի պատասխանն է դրական։ Բայց ասիմպտոմ դեպքերի ժամանակ նշանակում ենք հակավիրուսային դեղորայք, վիտամիններ, հեղուկներ, սննուդին է ուշադրություն դարձվում, անընդհատ հսկողություն է իրականացվում։ Այս պահին ասիմպտոմ դեպքերը շատ են լինում։
Խոցելի խումբն, օրինակ, դիաբետիկներն ու սրտի իշեմիկ հիվանդություններ ունեցողներն են, բայց նրանց համար կառավարության կողմից հստակ կարգ կա՝ նման բոլոր հիվանդներն ուղարկվում են ստացիոնար բուժման։ Դա պոլիկլինիկական ծառայությունը չի սպասարկում։ Նրանց նկատմամբ 24-ժամյա հսկողություն է իրականացվում։
- Որպես կանոն, որքա՞ն ժամանակ է տևում ասիմպտոմ հիվանդների բուժումը տնային պայմաններում։
- Նախնական 14 օր, բայց դրանից հետո էլ ենք հսկողություն կատարում։ Մեր պոլիկլինիկայի օրինակով կարող եմ ասել, որ մինչև երեկոյան ժամը տասներկուսը զանգում տեղեկանում ենք հիվանդի ինքնազգացողության մասին, ինչպես նաև տան անդամաների, հարցնում ենք՝ ջերմություն կա՞, թե՞ ոչ և այլն։ Բոլոր կոնտակտավորներին հսկում ենք։ Նրանց էլ գանգատների դեպքում հրավիրում ենք ստուգման։ Այս պահին հիմնականում թեստավորում ենք 40 տարեկանից բարձր անձանց, եթե առկա են խրոնիկ հիվանդություններ։ Թեթև ընթացքի ժամանակ՝ հատկապես երիտասարդների մոտ, եթե բարդություն չկա, թոքաբորբ առկա չէ, թեստավորում չի կատարվում։
Բայց պետք է նաև ասեմ, որ շատ են դեպքերը, երբ հիվանդներին պետք է համոզել, որպեսզի ստացիոնար բուժման գնան։ Մենք զանգում, տեղեկացնում ենք, որ պետք է գնան, նրանք ասում են, որ բուժումը տանն են ստանում, լավ են ու չեն ուզում գնալ ստացիոնար բուժման։ Բժշկի կողմից հաճախ զրույց է լինում, որպեսզի անձանց կարողանան համոզե, տեղափոխվել ստացիոնար բուժման։ Իսկապես շատ են դեպքերը, երբ մարդիկ հրաժարվում են։
- Երբ որոշում է կայացվում, որ պացիենտը պետք է բուժումը շարունակի տանը, նա վտանգ չի՞ ներկայացնում տան մնացած անդամների համար, հատկապես, եթե տունը փոքր է, և շփումն անընդհատ կա ընտանիքի մնացած անդամների հետ։
- Եթե հիգիենայի կանոնները պահենք, ոչ մի խնդիր չի լինի։ Եթե իրենց ձեռքերն ախտահանեն, դիմակով լինեն, սննուդը, սպասքն առանձնացնեն, որևէ խնդիր չի լինի։ Մենք հիվանդների հարազատներին էլ ենք վիտամին Ց և իմունիտետը բարձրացնող դեղեր նշանակում, որպեսզի վարակվելու հավանականությունն ավելի քիչ լինի։ Այդ մարտավարությունն էլ ենք օգատգործում, բայց ասում եմ՝ հիմնականում հիգիենայի հետ է կապված։ Եթե դա պահպանենք, պետք է, որ վարակվածությունը քիչ լինի։ Պետք է, օրինակ, սենյակն օդափոխել, սանհանգույցը ճիշտ մաքրել․․․ Գիտեմ՝ շատ բարդ է, բայց մենք պետք է հիվանդությանը համահունչ գնանք։ Եթե մենք կամակորություն անենք, հավատացեք՝ բժիշկների պակաս շատ կլինի։ Այս պահին էլ բժիշկներն իրոք շատ ծանրաբեռնված ու գերհոգնած են։ Շատ լարված աշխատանք է։ Պիտի բնակիչներն էլ հասկանան, բժիշկներին օգնեն։
- Ինչպե՞ս կգնահատեք պացիենտների և նրանց ընտանիքի անդամների վարքագիծը, արդյոք հաջողվում է պատշաճ ապահովել, որպեսզի նրանք հետևեն բոլոր կանոններին։
- Մեծամասամբ՝ այո։ Կարող են վարակվել էլ, բայց ասիմպտոմ ընթացքով, որևէ դժգոհություն չլինի։ Մենք հիվանդներ ունենք, որ տանն իրենց բուժումը շատ հանգիստ ստանում են, որևէ խնդիր չկա։ Եթե հարց է լինում, զանգում են մեզ, խորհրդակցում ենք և ճիշտ ուղղորդում։
- Կա՞ վիճակագրություն, թե այս պահին քանի հիվանդ է բուժումը ստանում տնային պայմաններում։
- Ստույգ տվյալ չեմ կարող ասել, բայց բավականին շատ հիվանդներ ունենք, որոնց ամենօրյա ռեժիմով հսկում ենք։ Մեր ամեն հիվանդի անկետա քննարկում ենք, խրոնիկ հիվանդություններին տեղյակ ենք, որպեսզի հասկանանք, թե որ հիվանդն ինչ խնդիր ունի։ Այս ամենին հետևում ենք, հսկում ենք մեր հիվանդներին։ Այդ առումով պիտի որ դժգոհություններ չլինեն։
- Պոլիկլինիկաների բժիշկները պատշաճ կերպով տեղեկացվա՞ծ են՝ ինչպես է պետք աշխատել կորոնավիրուսով հիվանդ պացիենտների հետ։
- Ամեն օր հատուկ լեկցիաներ են լինում, սեմինարներ։ Մենք լսում ենք հիվանդության հետ կապված ամեն ինչը։ Սա այն հիվանդությունն է, որ մինչև վերջ բացահայտված չէ, և չես կարող ասել, որ ստույգ ինչ-որ սխեմայով կընթանա։ Մի հիվանդի մոտ մի ընթացք է, մյուսի մոտ՝ ուրիշ։ Կարող եմ ասել, որ տեղեկացված ենք։ Կարծում եմ՝ բժիշկներն առաջինն իրենց, երկրորդը՝ ազգաբնակչության համար պատասխանատվություն են կրում։ Կոնկրետ մեզ մոտ տեղեկացվածությունը մեծ է։
- Ըստ Ձեզ՝ բավարար քանակի բուժանձնակազմ պոլիկլինիկաներն ունե՞ն:
- Ներկայումս մենք շատ ծանրաբեռնված ենք աշխատում՝ 24-ժամվա գրաֆիկով, հատկապես, եթե հիվանդը տանն է, պատասխանատվությունը մեծ է։ Շատ պետք է աշխատենք, դա միանշանակ է։