29/05/2020 13:32
Դուք այս պահի դրությամբ COVID19-ի դեմ պատերազմում պարտվող հրամանատարություն եք. Դանիել Իոաննիսյանը պատասխանել է կառավարությանը
Օրական մահացությամբ 2-րդ, նոր դեպքերով՝ 6-րդ հորիզոնականում ենք․․․ Սա՞ է կառավարության ինքնավստահության հիմքը, Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Կառավարությունը (ի դեմս վարչապետի խոսնակի), պատասխանելով ՀԿ-ների՝ Հայաստանում երկշաբաթյա խիստ կարանտին հայտարարելու պահանջին (մերժելով այն), կոչ է անում ՀԿ-ներին աջակցել հանրության շրջանում վիրուսի նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանը։
Հարց չկա, վաղուց ենք անում, շարունակելու ենք։ Բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով հանրային արշավ ենք անում, ապատեղեկատվությունների դեմ ենք պայքարում, տեղերում ոստիկաններին ենք հսկում (որ իրենք էլ իրենց գործը անեն) ու նույնիսկ աջակցում ենք դիմակ ներկրող տնտեսվարողներին (որ դիմակներն էժանանան)։
Բայց այս պատերազմում հրամանատարությունը կառավարությանն է։ Կառավարությանը աջակցելով հանդերձ չենք կարող չհարցնել՝ այդ ո՞նց եղավ, որ Հայաստանը COVID19-ի դեմ պայքարում աշխարհում գրավեց ամենավատ հորիզոնականները։
Երեկվա դրությամբ մենք միավոր բնակչության հաշվով օրական մահերի քանակով ամբողջ աշխարհում զիջում էինք միմիայն Մեծ Բրիտանիային, իսկ օրական նոր դեպքերի առումով 6-րդ հորիզոնականում էինք (զիջելով Քաթարին, Ջիբութիին, Չիլիին, Պերուին ու Քուվեյթին)։ Աղբյուրը՝ ECDC:
Խնդրում եմ՝ ՀԿ-ներին այդպես ինքնավստահ պատասխանելուց հիշեք, որ դուք այս պահի դրությամբ COVID19-ի դեմ պատերազմում պարտվող հրամանատարություն եք», - գրել է Իոաննիսյանը։
Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ արձագանքելով երկշաբաթյա խստացված կարանտին կիրառելու մոտ մեկ տասնյակ հասարակական կազմակերպությունների պահանջին, հայտարարել էր. «Պարետատունը այս պահին կրկին կարանտին սահմանելու անհրաժեշտություն չի տեսնում»։
Հիշեցնենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները տարածած հայտարարության մեջ ընդգծել էին, որ չնայած պարետատան պահանջին, միևնույն է, քաղաքացիները համատարած կերպով դիմակներ չեն կրում։ Իրավապահ մարմիններն ի վիճակի չեն հսկել քաղաքացիների կողմից դիմակ կրելու կանոնների պահպանումը, քաղաքացիներն այդ նորմը խախտում են ամենուր:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները զգուշացնում են՝ Հայաստանի առողջապահական համակարգը նախակոլապսային իրավիճակում է, և նոր դեպքերի աճի տեմպը կհանգեցնի այն իրավիճակին, որն առկա էր Իտալիայում կամ Իսպանիայում, երբ մարդիկ բուժօգնություն ստանալ չէին կարողանում:
Մինչդեռ պարետատնից հակադարձում են՝ իրականացվում է խիստ վերահսկողություն՝ ինչպես ոստիկանության, այնպես էլ տեսչական մարմինների կողմից, և հույս ունեն, որ այդ գործողությունների արդյունքում վարակակիրների թիվը կսկսի նվազել։ Պարետատան խոսնակը հորդորում է, որպեսզի հայտարարություն տարածած ՀԿ-ներն աջակցեն իրենց՝ քաղաքացիների տեղեկացվածությունը բարձրացնելու հարցում։
«Ցանկալի տարբերակը դա չի, այսինքն՝ դա մի տարբերակ է, որը կա մեզ մոտ, դա սցենարներից մեկն է, բայց դա ցանկալի տարբերակը չէ՝ հաշվի առնելով տնտեսության վիճակը, նաև եղանակը. մարդկանց շատ դժվար է զոռով տանը պահելը: Մարդիկ ուզում են դուրս գալ, դրա համար մնում է միայն մարդկանց հորդորել, կոչ անել, որպեսզի դուրս գալիս հետևեն կանոններին՝ կրեն դիմակ, պահպանեն սոցիալական հեռավորություն, խմբերով չհավաքվեն», - ասաց վարչապետի խոսնակը: