30/05/2020 19:21
Արել եմ ամենն, ինչը կնպաստեր հեղափոխության նպատակների իրականացմանը և շարունակում եմ շարժվել իմ ընտրած ուղիով՝ ձերբազատվելով պատահական ուղեկիցներից. Վանեցյան (Տեսանյութ)
Մենք բոլորս, ինչպես և համայն հայության գերակշիռ մասը, մեծ հույսեր ունեինք և ոգևորությամբ ընդունեցինք թավշյա հեղափոխությունը, այսօր «Հայրենիք» կուսակցության համագումարի ժամանակ ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որն ընտրվել է կուսակցության ղեկավար։
«Մենք ոչ միայն ընդունեցինք, այլև մեզնից շատերն իրենց փորձն ու ունակությունները, եռանդն ու էնտուզիազմը ներդրեցին հեղափոխության ընթացքում հայտարարված նպատակները կյանքի կոչելու գործին։ Դրանով մենք փորձում էինք նոր որակ, իմաստ և, ամենակարևորը, բովանդակություն հաղորդել գործընթացներին՝ յուրաքանչյուրս մեր ոլորտում», - ասել է Վանեցյանը։
Նրա խոսքով՝ ողջ գիտակից կյանքում աշխատել է այլ ոլորտում, ծառայել պետությանը և երբեք մտքով չէր անցնի, որ մի օր կդառնա որևէ կուսակցության անդամ, առավել ևս՝ կգլխավորի որևէ կուսակցություն։
Վանեցյանը բացատրել է քաղաքականություն մտնելու իր մոտիվացիան։
«Ասեմ մեկ բառով. պատասխանատվությունը։ Ցանկացած բարդ իրավիճակում իմ պատասխանատվության զգացումը մշտապես հաղթել է։ Այսօր ես ունեմ պատասխանատվություն պետության, հասարակության, ապագա սերունդների հանդեպ։ Ես հանգիստ խղճով և պարզ ճակատով կարող եմ պնդել, որ արել եմ ամենն, ինչը կնպաստեր հեղափոխության նպատակների իրականացմանը։ Իհարկե, սա չի նշանակում, որ չեն եղել բացթողումներ, սակայն կարող եմ վստահորեն հայտարարել, որ թույլ չեմ տվել գաղափարների խեղաթյուրում կամ շեղում ընտրված ճանապարհից: Ես շարունակում եմ շարժվել իմ ընտրած ուղիով՝ ձերբազատվելով ժամանակավոր, երբեմն՝ պատահական ուղեկիցներից», - ասել է նա։