30/05/2020 19:34
Տնտեսությունը գահավիժում է, բնակչության սոցիալական վիճակը շարունակաբար վատանում է. Վանեցյան (Տեսանյութ)
Վերջին ամիսներին մեր տնտեսության վիճակը, տնտեսության կառավարիչների անկարողությունը մտան յուրաքանչյուրիս տուն, այսօր «Հայրենիք» կուսակցության համագումարի ժամանակ ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որն ընտրվել է կուսակցության ղեկավար։
«Փաստորեն՝ բոլորի համար ակնառու լուրջ մարտահրավերի դեպքում հերթական անգամ վերահաստատվեց այն, ինչ ասել էի ժամանակին. որոշումների տարերայնություն, գործողությունների հախուռնություն, առաջնայինը երկրորդայինից չտարբերելը», - ասել է նա։
Վանեցյանը նշել է, որ, ցավոք, այսօր տնտեսությունը գահավիժում է։
«Բնակչության սոցիալական վիճակը շարունակաբար վատանում է։ Մարդու համար օրվա ապրուստի միջոց գտնելը դարձել է ամենաբարդ խնդիրը։ Այսօր Հայաստանում մարդիկ լավ չեն ապրում, իսկ ինձ համար հստակ է՝ Հայաստանում մարդը պետք է լավ ապրի։ Սա համարեք իմ գլխավոր նպատակը, որը սահմանել եմ ինձ համար, եթե կուզեք՝ իմ երազանքը։ Վստահեցնում եմ, ջանք չեմ խնայելու և հասնելու ենք այդ երազանքին», - ասել է նա։
Վանեցյանը նշել է, որ առաջիկայում տարբեր առիթներով հանրության դատին կներկայացնի ձևակերպված մոտեցումներ Հայաստանի զարգացման բոլոր ուղղությունների վերաբերյալ։
«Ունեմ հստակ պատկերացումներ, թե որտեղ ենք գտնվում, ուր պետք է հասնենք և ինչ միջոցներով՝ թե՛ արդարադատության, թե՛ կրթության-գիտության-մշակույթի, թե՛ բնապահպանության, թե՛ գյուղատնտեսության ոլորտներում», - ասել է նա։