30/05/2020 19:40
Մեր ավանդական դաշնակից պետությունների հետ հարաբերությունները սկսել են վատթարանալ, ինչն անթույլատրելի է. Վանեցյան (Տեսանյութ)
Հայաստանի Հանրապետությունն իր հարևան պետություններից ընդամենը երկուսի հետ է, որ ունի գործընկերայինին մոտ հարաբերություններ, այնինչ ակնհայտ է, որ Իրանի և Վրաստանի հետ մեր հարաբերությունները պետք է լինեն փայլուն։ Մենք ունակ ենք տնտեսական և քաղաքական հարաբերություններում կամուրջ հանդիսանալ մեր հարևանների և մեր գործընկեր երրորդ երկրների միջև։ Մինչդեռ վերջին զարգացումները վկայում են, որ մեր ավանդական դաշնակից պետությունների հետ հարաբերությունները սկսել են վատթարանալ, ինչն անթույլատրելի է։ Այդ մասին այսօր «Հայրենիք» կուսակցության համագումարի ժամանակ ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որն ընտրվել է կուսակցության ղեկավար։
«Մենք այնքան ենք կենտրոնացել մեր ներսում կատարվող իրադարձությունների վրա, որ կարծես թե մոռացել ենք, որ հետևողական աշխատանք է պահանջվում մեր միջազգային գործընկերների հետ։ Անհրաժեշտ է իրականացնել ամենօրյա աշխատանք մեր միջազգային գործընկերների հետ բազմակողմ ձևաչափերով՝ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, ԵԽԽՎ-ում, ԵՄ-ում և այլ կառույցներում», - նշել է նա։
Նրա խոսքով՝ պետք է լիարժեք օգտագործենք հնարավորությունները, որ մեզ տալիս է ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, զարգացնենք Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերությունը՝ առավել խորքային և փոխշահավետ արդյունք ստանալու նպատակով։
«Մենք ունենք զգալի հնարավորություններ Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու համար։ Անկախ միջազգային հարաբերությունների կոնյուկտուրայից՝ Իրանը մեր վաղեմի բարեկամ պետությունն է, մեր անմիջական հարևանը և Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր։ Միաժամանակ, մեր մյուս կարևորագույն գործընկերների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, եվրոպական և այլ երկրների, հատկապես՝ Չինաստանի, Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները պետք է ունենան ծրագրային և համակարգված բնույթ և հրատապ բարձրացվեն նոր մակարդակի», - ասել է Վանեցյանը։