30/05/2020 19:17
Արցախյան հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնված լինի ոչ թե փուլային, այլ՝ փաթեթային տարբերակի վրա. Վանեցյան (Տեսանյութ)
Անվտանգության ապահովման խնդիրը մեր երկրի համար մշտական առաջնահերթություն է լինելու, այսօր «Հայրենիք» կուսակցության համագումարի ժամանակ ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որն ընտրվել է կուսակցության ղեկավար։
«Հայաստանի շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակը և ներկայիս իրողությունները, Արցախյան հակամարտությունը, միջազգային ընդհանուր լարվածությունը, որի թելերը շատ հաճախ անցնում են նաև մեր հայրենիքով, ասածիս ապացույցներն են։ Նման սրությամբ անվտանգության խնդիր ունենալը պետությունների համար, այդ թվում՝ Հայաստանի, ոչ թե անլուծելի բեռ է, այլ՝ իրողություն, որի պայմաններում պետության պատասխանատուները պետք է աշխատեն օր ու գիշեր», - ասել է նա։
Վանեցյանը նշել է, որ անվտանգության խնդիրներից առանցքայինն Արցախյան հարցն է։
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է և չի կարող կախվածության մեջ դրվել որևէ երրորդ կողմի համաձայնությունից կամ բարի կամքից: Դա իրավունք է և պետք է իրացվի ողջ ծավալով: Հայաստան-Արցախ փոխհարաբերությունները պետք է հիմնված լինեն ազգային տեսլականի, փոխադարձ վստահության և համագործակցության վրա: Հայաստանի կողմից միանշանակ պետք է հարգվի Արցախի սուբյեկտայնությունը: Հայաստանը պետք է ներդնի իր ջանքերն՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման համար: Հայաստանը եղել է և լինելու է Արցախի անվտանգության երաշխավորը։ Արցախի հարցի լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են, բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանը Ադրբեջանի ճնշման առաջ չեն ընկրկելու, և այդ սպառնալիքը որևէ կերպ չի նպաստելու հարցի համապարփակ և ամբողջական լուծմանը: Հայաստանի և Արցախի հետ սպառնալիքի լեզվով խոսել հնարավոր չէ: Խոնարհվելով այս տարիների ընթացքում իրենց կյանքն ու առողջությունը հայրենիքի զոհասեղանին դրած հերոսների և նրանց հարազատների առաջ՝ վստահեցնում եմ. դուք իզուր չեք տվել ձեր ամենաթանկը: Դա արվել է հանուն մեր ազգային ինքնության, Արցախի անկախության, հանուն Արցախի ազատության», - ասել նա։
Վանեցյանը նշել է, որ Արցախի ժողովուրդը վաղուց ինքնորոշվել է։
«Պատերազմով չկա լուծում։ Պատերազմով հնարավոր չէ հասնել խաղաղության և տարածաշրջանային կայունության։ Մենք մեր բանակի մարտունակությամբ, տնտեսության հզորացմամբ և ներքին համերաշխությամբ այս գաղափարը պետք է հասանելի դարձնենք միջազգային հանրությանը և Ադրբեջանին։ Արցախյան հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնված լինի ոչ թե փուլային, այլ՝ փաթեթային տարբերակի վրա», - ասել է նա։