30/05/2020 14:18
Որ դեպքում հնարավոր կլինի սեպտեմբերի 1-ից դասերը կազմակերպել դպրոցներում․ նախարարը մանրամասներ է ներկայացնում (Տեսանյութ)
Սեպտեմբերին կարող ենք լիարժեք սկսել դասերը, բայց խստագույնս պիտի հետևենք ցուցումներին՝ դիմակ կրենք, դա անենք առկա ցուցումներին համապատասխան, հաճախ ախտահանենք ձեռքերը, պահենք սոցիալական հեռավորությունը, ուղիղ եթերի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Բոլոր հնարավորություններն ունենք դա անելու, բայց կա մի շատ մեծ բայց, որը պետք միասին լուծենք։ Հանրակրթության ոլորտի շահառուները՝ աշակերտները, ուսուցիչները, ծնողները մեր բնակչության մոտ կեսն են և, ըստ էության, նրանք հավաքական ամենամեծ համայնքն են, որը կարող է երկրում շատ մեծ խնդիր լուծել։ Իրավիճակը կորոնավիրուսի հետ կապված բարդանում է և լարվածությունը գնալով մեծանում է։ Դա թվերով արտահայտվում է։ Հիվանդացողների թիվը և մահերի թիվը վկայում են, որ իրավիճակը բարդ է», - ասաց նա։
Նախարարը նշեց, որ ստանում է դպրոցական խնջույքների մասին տեղեկություններ՝ կոչ անելով ծնողներին աչալուրջ լինել ու հետևել, որպեսզի նման միջոցառումներ չլինեն, քանի որ դրանք հեռացնում են հնարավորությունը օր առաջ վերադառնալու բնականոն կյանքի։