31/05/2020 11:09
Ռուսաստանից գնված զենքը վերավաճառվել է երրորդ երկրի, Հայաստանը ներքաշվել է միջազգային զենքի առևտրի սև շուկա. Միքայել Մինասյան
ՀՀ ԶՈՒ գլխավոր ռազմական հետախուզության վարչության նախկին պետ, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը մայիսի 23-ին գաղտնի գործուղվել է Ռուսաստան, «Ստի վերջը» տեսաշարի 7-րդ մասում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Նիկոլ Փաշինյանն ուղիղ, ոմն Դավիթ Գալստյանի հետ միասին, ներգրավված են զենքի միջազգային առևտրի մեջ։ Գեներալ Կարապետյանը մեկնում է Մոսկվա, որպեսզի այնտեղ բանակցի ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, որպեսզի փորձեն ծածկադմփոց անեն այն սկանդալը, որն ուղիղ կապ ունի Հայաստանի անվտանգության հետ», - ասել է Մինասյանը։
Նա նշել է, որ, հաշվի առնելով երկրի անվտանգությանը վերաբերող հարցեր, չի կարող լիարժեք բաց խոսել, և կլինի զգույշ։
«Նիկոլ Փաշինյանը ծխախոտից և ադամանդից հետո Հայաստանը ներքաշել է միջազգային զենքի առևտրի սև շուկա։ Հայաստանն իրավունք ունի գնել զենք և զինամթերք Ռուսաստանից ռուսական ներքին գներով։ ՀՀ և ռուսական բանակը կարողանում են առնել Ռուսաստանի արտադրողներից զենք-զինամթերքը նույն գներով, և այդ գները տարբերվում են միջազգային գներից մինչև 65 տոկոսով։ Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանը հենց իմանում է, որ նախորդ իշխանությունները կարողացել էին բանակցել իր կողմից այդքան սկզբում չսիրված, հետո այդպես մոլագար ձևով սիրված Ռուսաստանի հետ այդ նրբությունը, միանգամից իր նոր ընկերոջ, ոմն Դավիթ Գալստյանի, նույն ինքը՝ Պատրոն Դավիթի միջոցով, մտածում են և իրականացնում են մի սխեմա, որի հիմքում հետևյալն է. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիազորում է Դավիթ Գալստյանին պաշտպանության նախարարության միջոցով և տալիս է արտոնություն, որպեսզի նա Հայաստանի անունից պատվիրի, կոչենք դա 100 միավոր զենք։ Այնուհետև Հայաստանը գնում է Դավիթ Գալստյանի օֆշորից այդ 100 տեսակից, ընդունենք, 60-ը։ Այդ 60-ի համար վճարում է, 60 հատ զենքը գալիս է Հայաստան։ Թղթերով ամեն ինչ նորմալ է, կա մի բացառություն, որ այն 40-ը, որը սկզբնականում պատվիրել են, բայց չեն վճարել, Դավիթ Գալստյանը, որն արդեն ուներ պայմանավորվածություն երրորդ երկրների հետ, ուղիղ Ռուսաստանից ուղարկում է երրորդ երկիր։ Օրինակի համար՝ Արաբական Էմիրություններ։ Երրորդ երկրից զենքը հայտնվում է չորրորդ երկրում։ Բոլոր մասնագետները գիտեն, որ համարներով հնարավոր է զենքի ամբողջ նախորդ պատմությունն իմանալ։ Չորրորդ երկրում զենքն օգտագործվելուց հետո Ռուսաստանում իմանում են, որ Հայաստանին վաճառված զենքը հայտնվում է չորրորդ երկրում», - պատմել է Մինասյանը։
Նրա խոսքով, որպեսզի չփչացնեն հարաբերությունները Հայաստանի հետ, որովհետև Հայաստանն իրենց համար Նիկոլ Փաշինյանը չէ, Ռուսաստանում «որոշում են պատժել այս մաֆիոզներին իրենց ձևով. հայտարարում են Դավիթ Գալստյանին պերսոնա նոն գրատա և տասը տարով արգելում ենք մուտքը Ռուսաստան՝ զրկելով Հայաստանի մոնոպոլիստին հնարավորությունից զենք և զինամթերք առնել Ռուսաստանի Դաշնությունից», - ասում է Մինասյանը։
«Երբ Նիկոլ Փաշինյանն իմացավ, որ Դավիթ Գալստյանի միջոցով այսուհետ չի կարող փող աշխատել և զենք ծախել երրորդ երկրներին Հայաստանի հաշվին, նոր ձև գտավ, թե ոնց շարունակել օգտվել Հայաստանի պաշտպանության նախարարության բյուջեից», - նշել է Մինասյանը։
Նա ասել է, որ խոսքը «Оса-АК» զինատեսակի մասին է:
«Հիշում եք, վարչապետըն ասում էր, որ ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքի ամոթալի էջը, որովհետեւ ձեռք բերված սպառազինությունը կամ 2019 թ․ արտադրության է կամ ընդհանրապես չօգտագործված, գործարանային վիճակի: Էդ «յուղը վրեն զենքը» կամ «գերժամանակակիցը» հանվել է արտադրությունից 1985 թ.։ Սկսվել է արտադրությունը 1975թ. և հանվել է 80-ականների կեսերին։ Եվ Հայաստանի Հանրապետության վարչապետը նույնիսկ չի տիրապետում՝ ինչ է ինքը ասում, որովհետև իրենք չեն գնել «Оса-АК», իրենք գնել են «Оса-АКМ», բայց այդ 35 մեքենայից հանված են բոլոր բիրկաները, որոնք կարող են վկայել իրական տարիքի մասին և ուղղակի լավ նորոգված ու ներկված են, բայց նույնիսկ մեկը պաշտպանության նախարարությունը չի ընդունել բրակ լինելու պատճառով։ Jason հեղինակային ամսագրում Հորդանանի թագավորությունը, որտեղից մեր հերոսները գնել են «Оса»-ները սպիսատ է անում 51 թե 52 հակաօդային պաշտպանության մեքենա և դնում վաճառքի, բայց ոչ ոք չի առնում, որովհետև, ինչպես խոսում են մնացած մասնագետները, այդ հակաօդային համակարգը բարոյապես հնացած է, որովհետև արտադրված է 70-ականների կամ լավագույն դեպքում 80-ականների սկզբում և այսօրվա համակարգերը շատ ավելի ժամանակակից են», - ասել է Մինասյանը։
Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետությունը ունեցել է «Оса-АК» միշտ, զինված ուժերն իրենց առաջին օրվանից ունեցել են և օգտագործել են և ունեցել են բազում հնարավորություններ դա ունենալու անվճար։
«Այս իշխանությունները նույնիսկ չգիտեն, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը առաջարկվել է նույն հորդանանական «Оса-АК»-երը, բայց էքսպերտների գրավոր կարծիքի հիման վրա մերժվել է, որովհետև Հայաստանի Հանրապետությունն ունի այդ զենքից և ունի այնպիսի ժամանակակից, արդեն ավելի արդիական հակաօդային համակարգեր, որ այս փուլում դրանց կարիք չկա, և այդ գումարը կարելի է ծախսել շատ ավելի պիտանի ոլորտներում: Ես ասում եմ այն, ինչ կա, կարող եք մտնել, մասնագիտական կայքերում նայել, շատ անգամ Հունաստանը, Չեխիան, նույն Հորդանանը վաճառում են այդ զինատեսակը որպես մետաղ։ Ես սրանց մասին չեմ խոսում կոնկրետ, որովհետեւ, կարող է՝ աշխատունակ են, բայց շատ վստահ ձեզ կարող եմ ասել, որ դրանք չարժեն 27 մլն դոլար, անհնարին է և օֆշորային ընկերության միջոցով անել ոչ թե կասկածելի, այլ խայտառակ գործարք, ուղղակի ամոթ է», - ասել է Մինասյանը։