01/06/2020 15:07
Գլխավոր դատախազը չի բացառում, որ մինչև արտակարգ դրության ավարտը Ռոբերտ Քոչարյանի՝ հիվանդանոցում մնալու հայցը, կարող է բողոքարկվել (Տեսանյութ)
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի բացառում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցադիմումը՝ մինչև արտակարգ դրության ավարտը Քոչարյանի հիվանդանոցում մնալու մասին, կարող է բողոքարկվել։
«Այս վարույթի կողմերը պաշտպաններն ու քրեակատարողական ծառայությունն են։ Օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պատճառով այս բնույթի վարույթներում դատարանները մեզ չեն ծանուցում։ Իմ համոզումն այն է, որ դատախազն այս մասով մասնակցություն պիտի ունենա, առնվազն պատիժների և հարկադրանքի օրինականության նկատմամբ հսկողության արդյունավետ իրացման շրջանակներում։ Համապատասխան հայցի ապահովման միջոցը դեռևս պաշտոնապես չի առարկվել դատախազության կողմից։ Հույս ունեմ, որ այսօր կստանան համապատսխան դատական ակտը, կծանոթանան դրա հիմնավորումներին և մեր գործընկերների հետ կքննարկենք հետագա անելիքները», - խորհրդարանում ասաց Արթուր Դավթյանը։
Իմքայլական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հստակեցնող հարցին՝ չի՞ բացառում, որ որոշումը կբողոքարկվի, Դավթյանը պատասխանեց.
«Չեմ բացառում, իհարկե»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչական դատարանը բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, որի համաձայն՝ մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։