01/06/2020 15:52
Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում չկան «Փաշինյաններ» ու «Զելենսկիներ»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հորդորել է նախընտրական քարոզարշավի ընթացքում Բելառուսում իրավիճակը չհամեմատել Ուկրաինայի և Հայաստանի իրադարձությունների հետ և հայտարարել է, որ հանրապետությունում «Փաշինյաններ» և «Զելենսկիներ» չկան, հայտնում է РИА Новости-ն:
«Պետք չէ մեզ համեմատել, ասել, թե մեզ մոտ նոր Փաշինյաններ, նոր Զելենսկիներ կան, թե մեզ մոտ գրեթե նույն իրավիճակն է, ինչը Հայաստանում և Ուկրաինայում: Պետք է ասեմ, որ իրավիճակը կարող է տարբեր կերպով դասավորվել: Միայն թե մենք Փաշինյաններ և Զելենսկիներ չունենք», - ասել է Լուկաշենկոն:
Ըստ Լուկաշենկոյի՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և Ուկրաինայում, Զելենսկին և Փաշինյանը տաղանդավոր մարդիկ են:
«Այդ մարդիկ տաղանդավոր են և ամենակարևորն՝ իրենց երկրի հայրենասերները: Իսկ մեր մոտ ոմանք ուզում են մեկ կոպեկով վաճառել այն ամենը, ինչը ստեղծվել է այստեղ ոչ միայն նախագահ Լուկաշենկոյի, ոչ միայն իշխանությունների կողմից: Ժողովրդի կողմից է ստեղծվել։ Հետևաբար, դա չի կարելի թույլ տալ: Մենք երբեք թույլ չենք տա իրավիճակի ապակայունացում մեր երկրում», - հայտարարել է հանրապետության ղեկավարը:
Ավելի վաղ, «Կոմերսանտը» հոդված էր հրապարակել Բելառուսում նախընտրական քարոզչության մասին: Այնտեղ, ի թիվս այլ բաների, ասվում է, որ «նախագահական ընտրություններն Ալեքսանդր Լուկաշենկոյի համար վերածվում են խնդրի»: Հոդվածը պատմում է բելառուս բլոգեր Սերգեյ Տիխանովսկիի մասին, որին ԿԸՀ-ն թույլ չի տվել մասնակցել ընտրարշավին։ Նշվում է, որ նա նմանություններ ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մեջբերվում են նաև սոցիոլոգ Անդրեյ Վարդոմատսկու խոսքերը, որը նմնանություններ է տեսնում Հայաստանի իրադարձությունների և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի անցած տարվա նախագահական քարոզչության հետ։