01/06/2020 19:07
Բոստոնում բողոքի ցույցերի ընթացքում տուժել է 7 ոստիկան
Բոստոնում ցուցարարների հետ բախումների հետևանքով 7 ոստիկան է տուժել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
«Բոստոնի ոստիկանությունը հաստատում է, որ յոթ ոստիկան է տուժել և հոսպիտալացվել, մյուսներին տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն, բողոքի ցույցերի ընթացքում վնասվել է 21 պարեկային մեքենա, 40 մարդ ձերբակալվել է», - ասված է տեղական ոստիկանության հայտարարության մեջ, որը զետեղված է Twitter-ում:
Իրավապահներն ընդգծում են, որ Բոստոնում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակը զարգանում է, ուստի տուժածների և ձերբակալությունների թիվը կարող է փոխվել:
Միացյալ Նահանգներում ցույցերն ու զանգվածային անկարգությունները սկսվել են մայիսի 25-ին՝ Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալության տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո, ում մեղադրում էին կեղծ թղթադրամներ օգտագործելու համար:
Ոստիկանները սևամորթ քաղաքացուն ձեռնաշղթաներ էին հագցրել և վայր գցել գետնին: Կարգի պահապաններից մեկը ծնկով սեղմել է ձերբակալվածի պարանոցը՝ անտեսելով Ֆլոյդի բղավոցները, որ չի կարողանում շնչել: Աֆրոամերիկացին շուտով մահացել է քաղաքի հիվանդանոցներից մեկում: