01/06/2020 12:16
Թրամփը ցույցերի ժամանակ թաքնվել է Վաշինգտոնի կենտրոնում գտնվող ստորգետնյա բունկերում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մոտ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ թաքնվել է Վաշինգտոնի կենտրոնում գտնվող ստորգետնյա բունկերում, հայտնում է The New York Times-ը:
Ըստ պարբերականի աղբյուրների՝ այս որոշումն ընդունվել է ցույցերի թեժացման ժամանակ: Թաքնվելու անհրաժեշտությունը պնդել են ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները: Ըստ CNN-ի՝ Թրամփն այնտեղ մնացել է մեկ ժամից էլ քիչ: Հայտնի չէ՝ արդյոք այնտեղ են գտնվել նաև նրա ընտանիքի անդամները:
The New York Times-ը նշում է, որ ըստ կանոնների՝ ԱՄՆ առաջնորդը, այդ բունկեր է իջնում այն դեպքերում, երբ Սպիտակ տանը «վտանգ է սպառնում»:
Սպիտակ տան դիմաց վերջին մի քանի օրերին ընթացել են բողոքի ցույցեր, որոնք ուղեկցվել են ոստիկանների հետ բախումներով: Ցուցարարները կարգի պահապանների վրա են նետել շշեր, ճայթռուկներ:
Միացյալ Նահանգներում ցույցերն ու զանգվածային անկարգությունները տեղի են ունեցել մայիսի 25-ին Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալության տեսանյութը համացանցում տեղադրելուց հետո, ում մեղադրում էին կեղծ թղթադրամներ օգտագործելու համար: Ոստիկանները սևամորթ քաղաքացուն ձեռնաշղթաներ են հագցրել և վայր գցել գետնին: Կարգի պահապաններից մեկը ծնկով սեղմել է ձերբակալվածի պարանոցը՝ անտեսելով Ֆլոյդի բղավոցները, որ չի կարողանում շնչել: Աֆրոամերիկացին շուտով մահացել է քաղաքի հիվանդանոցներից մեկում: Մայիսի 26-ին իրավակարգի պահպանման 4 աշխատակցին էլ հեռացրել են, նրանցից մեկը կալանավորվել է ոչ դիտավորյալ կատարած սպանության մեղադրանքով: