01/06/2020 18:04
Ամենահաճախակի խախտումները գեղեցկության սրահներում, դեղատներում և ստոմատոլոգիական կենտրոններում են․ ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Այս աշխատանքները զուգակցվում են մարզերում ու Երևանի այլ վարչական շրջաններում մշտադիտարկմամբ ու խախտում թույլ տված տնտեսվարողների գործունեության կասեցումներով։
Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ տնտեսվարողները ներկայում առավել լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։ Այդուհանդերձ, ամենահաճախակի խախտումները գեղեցկության սրահներում, դեղատներում և ստոմատոլոգիական կենտրոններում են գրանցվում։
Դիտարկումների ընթացքում ԱԱՏՄ աշխատակիցներն արձանագրել են խախտումներ, մասնավորապես, ախտահանման սահմանված նորմերում։ Արձանագրվում են ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն կամ անհամապատասխանություն նորմերին, արտաքին շփման մակերեսները ճիշտ կամ պատշաճ չեն ախտահանվում։ Աշխատողների կողմից դիմակ, ձեռնոց չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքերն ամենահաճախ դիտարկվողն են:
Արձանագրվում են ջերմաչափման և գրանցամատյանի վարման հետ կապված խախտումներ: Որոշ տնտեսվարողների մոտ բացակայել են օգտագործված դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակվող՝ ոտնակով աղբամաններ, արտահագուստի համար նախատեսված առանձին հանդերձապահարաններ:
Պարետի կողմից սահմանված կանոնները չպահպանած տնտեսվարողների նկատմամբ կայացվում է 24-ժամյա կասեցման որոշում՝ ժամանակ տալով տնտեսվարողին վերացնել արձանագրված խախտումները, զուգահեռ իրականացվում է նաև խորհրդատվական աշխատանք տնտեսվարողների հետ:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝ անակնկալ ստուգայցերը շարունակվում են ողջ հանրապետությունում և հորդորում է տնտեսվարողներին խստորեն պահպանել ՀՀ պարետի հաստատած կանոնները: