01/06/2020 18:46
Մեր աղջնակին փոքրիկ «կռուասանչիկ» ենք կոչում. Ծնվել է Արևիկ Ալավերդյանի երկրորդ զավակը
2020 թվականի մայիսի 16-ին, ժամը 10:30-ին Փարիզում ծնվել է ֆրանսաբնակ երգչուհի Արևիկ Ալավերդյանի և պրոդյուսեր Հայկ Շահբազյանի երկրորդ զավակը: Aysor.am-ի հետ զրույցում երջանիկ մայրիկը ժպիտով պատմեց՝ 2 կգ 500 գրամ քաշ ունեցող դստրիկը լույս աշխարհ է եկել 1 ամիս շուտ, սակայն հիմա երկուսն էլ իրենց լավ են զգում:
Երգչուհին խոստովանում է՝ սկզբում մտածում էր, որ երկրորդ անգամ մայրանալու դեպքում էլ կցանկանար արու զավակ ունենալ, սակայն հետագայում հասկացավ, որ անհամբերությամբ սպասում է հենց աղջիկ երեխային:
«Իրականում, սեռը կապ չուներ: Ճիշտ է՝ մեր առաջնեկը տղա է, բայց հղիության սկզբում ցանկանում էի, որ երկրորդն էլ տղա երեխա լինի: Ինձ տղայի մամայի դերում շատ լավ էի զգում: Բայց քիչ ժամանակ անց սկսեցի մտածել աղջիկ երեխայի մասին, պատկերացնել նրան: Կարծես՝ զգում էի, որ աղջիկ եմ ունենալու: Հիմա մեր աղջնակին փոքրիկ «կռուասանչիկ» ենք կոչում», - պատմեց նա:
Արևիկի և Հայկի առաջնեկը՝ Դավիթը, արդեն 3,5 տարեկան է: Իրենց տան նոր բնակչին սիրով է դիմավորել, խանդի տեսարաններ չի սարքել: Ավելին՝ երբեմն հենց ինքն է հոգ տանում կրտսեր քույրիկի մասին:
«Երբ իմացա հղիությանս մասին, սկսեցի Դավիթի հետ այդ թեմայով զրուցել, նախապատրաստել: Դրական էր արձագանքում, բայց ես չէի կարողանում հասկանալ՝ լիովին գիտակցո՞ւմ է իմ ասածները, թե՞ ոչ: Մեջս վախ կար՝ ինչպե՞ս կընդունի քույրիկին: Երբ մոտ մեկ շաբաթ հիվանդանոցում էի, տղայիս հետ միայն տեսազանգի միջոցով էի շփվում: Հենց քույրիկին տեսնում էր, շատ էր ուրախանում: Տուն գալուն պես շատ երջանիկ էի նրա ոգևորվածությունից, շատ է սիրում Կարինեին ու ընդհանրապես չի խանդում: Ինձ օգնում է խնամքի հարցում: Նույնիսկ, երբ փոքրիկը լաց է լինում, ինձ նկատողություն է անում, որ կաթն ուշացնում եմ», - ժպիտով պատմեց երգչուհին:
Մտաբերելով զգացողությունները նկատեց՝ իրեն թվում էր, թե այս անգամ դրանք կտարբերվեն, սակայն ամեն ինչ նույնությամբ կրկնվեց. նույն հուզմունքն էր, նույն ուրախությունն ու երջանկությունը:
«Մտածում էի, որ կտարբերվի, բայց սխալվեցի: Ամուսնուս հետ նույն զգացողություններն ունեցանք, նույնկերպ հուզվեցինք ու երջանկացանք, երբ առաջին անգամ գրկեցինք փոքրիկին: Բառերով նկարագրելն անհնար է, անբացատրելի զգացում է: Բալիկներս են ինձ մոտիվացնում, ուժ տալիս, որ դժվարությունները հաղթահարեմ: Դարձանք լիարժեք ընտանիք», - շեշտեց նա:
Դստեր համար ամուսիններն ընտրել են Կարինե անունը:
«Մեր Կարինեն է: Ամուսնուս մայրիկի անունն է, ով, ցավոք, կյանքից հեռացել է, երբ ամուսինս Դավիթից էլ փոքր է եղել: Նրա երազանքն էր, երբ աղջիկ ունենա, մայրիկի անունը տա», - հպարտությամբ նշեց Արևիկը:
Արևիկ Ալավերդյանի ծնողները Հայաստանում են, Covid-19-ով ստեղծված իրավիճակի պատճառով էլ Ֆրանսիա մեկնել չեն կարող: Հարցին՝ ինչպե՞ս է կարողանում կազմակերպել երկու փոքրիկների խնամքը, կամակո՞ր, թե՞ հանգիստ բնավորություն ունեն, և արդյոք սահմանափակել է նորածնին այցելությունները՝ պատասխանեց.
«Ինձ օգնում են մեզ համար շատ հարազատ դարձած մեր ընկերները, որոնց տղան Դավիթի մտերիմ ընկերն է, միասին են մեծացել: Փառք Աստծո, այստեղ շրջապատված եմ հարազատ ու մտերիմ ընկերներով: Դավիթս շատ կամակոր երեխա է, այս տարիքում հստակ ձևավորված բնավորություն ունի: Փորձում եմ երես չտալ, բայց և չկոտրել նրա «ես»-ը: Շատ-շատ դժվար է, բայց կարծում եմ՝ տարիքի հետ կամակորությունը քիչ-քիչ կանցնի… Ինչ վերաբերվում է այցելություններին, ասեմ,որ ամեն օր դուրս ենք գալիս զբոսանքի, կարծում եմ՝ չարժի այս հրաշալի եղանակին տանը փակված մնալ: Շատ ենք զբոսնում, բայց աշխատում ենք մարդաշատ վայրերում չլինել: Հյուրեր շատ քիչ ենք ունենում, դեռևս միայն հարազատների այցելությամբ ենք սահմանափակվում: Բոլորն էլ գիտակցում են պահի լրջությունը»:
Այսօր՝ հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Մեր զրուցակիցը նկատեց՝ իր բալիկները նվերներ են ստանում դեռ երեկվանից, այսօր էլ տոնին համահունչ փոքրիկ զբոսանք կկազմակերպեն:
«Փոքրիկս բան չի հասկանում, բայց Դավիթս 7-րդ երկնքում է: Ընկերուհուս տղայի հետ կգնանք այգի՝ զբոսնելու: Ցավոք, այս պահի դրությամբ այլ բան կազմակերպել հնարավոր չէ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց նա:
Զրույցի վերջում Արևիկ Ալավերդյան-Շահբազյանը շնորհավորեց բոլոր մանուկներին՝ ցանկանալով նրանց առողջություն և անհոգ մանկություն: