01/06/2020 14:05
Հեմոդիալիզ ստացող շաքարային դիաբետով հիվանդ 47-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը
47-ամյա Ք. Մակարյանը, ում մոտ հաստատվել էր կորոնավիրուս և երկկողմանի թոքաբորբ էր տանում, դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։
« «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել 47-ամյա Ք. Մակարյանն, ով հաստատված կորոնավիրուսով, երկկողմանի թոքաբորբով Վերակենդանացման բաժանմունքում անց է կացրել շուրջ 44 մահճակալային օր: 47-ամյա կինն ունի մի շարք հիվանդություններ` այդ թվում շաքարային դիաբետ, իշեմիկ հիվանդություն, երիկամային անբավարարություն, ստանում է ծրագրային հեմոդիալիզ:
Նա բուժկենտրոն է տեղափոխվել միջին ծանրությամբ, դինամիկայում արագ առաջացել է շնչական անբավարարության խորացում, գիտակցության մթագնում, ինչի հետևանքով հիվանդը միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին: Բուժման արդյունքում 24-րդ օրը Ք. Մակարյանը գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառության սարքից, սկսել է ինքնուրույն շնչել և սնվել, բացասական է եղել նաև նոր կորոնավիրուսի թեստը:
Ք.-ն այժմ այլ բուժկենտրոնում է և մյուս հիվանդությունների շրջանակում համարժեք թերապիա է անցնում», - ասված է ԲԿ-ի տարածած հաղորդագրությունում։