02/06/2020 19:22
Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ ու փաստարկ. Վարչապետ (Տեսանյութ)
Մեր իշխանության ծագումնաբանությունն, ըստ էության, աշխատում է հենց մեր դեմ, ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ-ում 2018 թվականի իրադարձություններից հետո վախի մթնոլորտը զրոյացել է, բայց դրա փոխարեն, ցավոք, օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ աստիճանի և մակարդակի չի հասել։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ, օրինակ, կանոնների պահպանման խախտման որակի հետ էլ պրոբլեմ ունենք։ Օրինակ, երբ առևտրի վայրում կանոնների խախտում է արձանագրվում և որոշում է կայացվում այդ վայրը փակել, այս ամեն ինչը սրվում է երկրում հաստատված այն մթնոլորտով, որ եթե, օրինակ վարունգի կամ պոմիդորի , կամ որևէ այլ վաճառքի կետ շատ չոր կերպով փակվի, ի հայտ կգան մեկնաբանություններ, որ, ըստ ամենայնի, երկրի վարչապետը որոշել է կա՛մ պոմիդորի, կա՛մ կանաչու, կա՛մ կոշիկի առևտրի մենաշնորհ հաստատել», - ասաց վարչապետը։
Նա նշեց՝ այսօր հրավիրված պարետատան նիստի ընթացքում ընդգծել է, որ հակահամաճարակային կաննոները պետք է պահպանվեն։
«Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենաչոր ձևով՝ հաշվի չառնելով ոչ մի սենտիմենտ ու փաստարկ։ Այսօր կանգնած ենք հետևյալ հանգրվանի առաջ, կա՛մ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պահպանվում, մենք գնում ենք նորից համատարած արգելափակումներ՝ դրանք զուգորդելով պարետային ժամով, երկիրը ենթարկելով նոր տնտեսական և սոցիալական ցնցումների, կա՛մ միասին, համագործակելով հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը և շատ արագ արձանագրում արդյունքներ։ Սա է մեր ընտրությունը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։