02/06/2020 19:45
Վաշինգտոնում ցուցարարներին ցրելու համար օգտագործել են ռազմական ուղղաթիռներ
Ռազմական ուղղաթիռներն ԱՄՆ մայրաքաղաքի Կոլումբիա շրջանում լույս երեքշաբթի ցածր բարձրությամբ մի քանի անգամ անցել են բողոքի զանգվածային ցույցերի մասնակիցների բազմության գլխավերևով՝ նրանց ցրելու համար, հայտնում է «Fox News» հեռուստաալիքը:
Ցածր բարձրությամբ թռչելիս ուղղաթիռներն ուժեղ աղմուկ են արձակում, օդ են բարձրացնում մեծ քանակությամբ փոշի: Ականատեսների խոսքով, որոնց վկայակոչել է «Fox News»-ը, ներգրավվել են UH-60 Black Hawk և UH-72 Lakota ուղղաթիռներ:
Ամերիկյան այլ լրատվամիջոցներ հայտնում են երեքշաբթի գիշերը մայրաքաղաքի փողոցներում զինվորականների հայտնվելու մասին այն բանից հետո, երբ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զանգվածային անկարգությունները կանխելու համար կարող է օգտագործվել բանակը:
«Stars and Stripes» պարբերականի տեղեկություններով՝ Կոլումբիա շրջան են ժամանել ոստիկանության և ռազմական ինժեներների ստորաբաժանումներ, սական նրանք գտնվում են դեռևս քաղաքի սահմաններից դուրս:
«USA Today» պարբերականի թղթակիցը հայտնում է Վաշինգտոնի փողոցներում «ռազմական տեխնիկայի և զինծառայողների» մասին, չնայած չի հստակեցրել, թե դա ինչ տեխնիկա է:
Ինչպես հայտարարել էր Դոնալդ Թրամփը, դաշնային կառավարությունը պատրաստ է զինված ուժերը կիրառել հասարակական կարգը վերականգնելու համար այն շրջաններում, որտեղ վերջին օրերին տեղի են ունեցել խոշոր անկարգություններ:
Սակայն մայրաքաղաքային շրջանի սահմաններից դուրս դրա համար պահանջվում է նահնագապետի համաձայնությունը: