02/06/2020 11:09
Թրամփ. ԱՄՆ-ում անկարգությունները ներքին ահաբեկչության գործողություններ են
Միացյալ Նահանգներում ընթացող անկարգությունները խաղաղ ցույցեր չեն, այլ՝ ներքին ահաբեկչության գործողություններ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տան Վարդագույն այգում ելույթ ունենալով համաքաղաքացիներին հղած ուղերձով՝ կապված վերջին մի քանի օրերին երկրում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի և անկարգությունների հետ:
«Լինքոլնի հուշակոթողը և Երկրորդ աշխարհամարտի հուշակոթողը ենթարկվել են բարբարաոների հարձակմանը: Սրանք բողոքի խաղաղ ցույցեր չեն, սրանք ներքին ահաբեկչության գործողություններ են: Անմեղ մարդկանց սպանությունը մարդկության և Աստծո դեմ հանցագործություն է», - ասել է նա:
«Ամբողջ Ամերիկան ցավ է ապրում և վրդովված է Ջորջ Ֆլոյդի դաժան մահվան փաստով: Վարչակազմն ամբողջությամբ հանձնառու է, որպեսզի արդարությունը հաղթանակի: Բայց մենք թույլ չենք տա, որ կատաղած ամբոխը խլացնի խաղաղ ցույցերը: Կողոպուտների ամենամեծ զոհերը մեր խաղաղասեր քաղաքացիներն են ամենաաղքատ շրջաններում, ես պայքարելու եմ նրանց անվտանգության համար», - ասել է Թրամփը:
«Սակայն վերջին օրերին մեր երկիրը գրավել են պրոֆեսիոնալ անարխիստները, կողոպտողները, հանցագործները, «Հակաֆան» (ամերիկացի հակաֆաշիստների շարժում) և այլոք,- հայտարարել է նա: - Մի շարք նահանգներ և տեղական իշխանություններ չլուծեցին բնակիչների անվտանգության ապահովման անհրաժեշտ միջոցառումներ ընդունելու խնդիրը»: