02/06/2020 13:13
Հերթական անգամ կանգնում ենք գազի սակագնի փոփոխության խնդրի առաջ, ինչը ՌԴ-ի կողմից ոչ բարեկամական քայլ է. Պատգամավոր
Հերթական անգամ կանգնում ենք գազի սակագնի փոփոխության խնդրի առաջ, ընդ որում՝ խիստ երկրորդական է, թե քանի տոկոսով է բարձրանալու գազի սակագինը: Խնդիրը թանկացումն է՝ ինքնին, որովհետև թանկացումը տեղի է ունենում միջազգային շուկաներում էներգակիրների էժանացման ֆոնին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հավելելով, որ սա ռազմավարական գործընկեր ՌԴ-ի կողմից ոչ բարեկամական քայլ է, որն ունի բացառապես քաղաքական բաղադրիչ:
«Երեկ հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության բաժանորդներին հասնող գազի գինը բարձրացնելու հայտը և սեփական առաջարկություններն է ներկայացրել: Դրանց համաձայն՝ Հայաստանում գազի գնաճը կհասնի 4.5 տոկոս:
«Գազպրոմ Արմենիան» իր ներկայացրած հայտում առաջարկել է նույնական գազի գին սահմանել բոլոր բաժանորդների համար՝ չեղարկելով սոցիալապես անապահովներին մատչելի գնով գազի տրամադրումը, ինչի արդյունքում գազի գինը նրանց համար կտրուկ՝ շուրջ 36 տոկոսով կթանկանա:
ՀԾԿՀ-ն, սակայն, առաջարկում է անփոփոխ թողնել անապահով խավին տրվող արտոնությունները: Իր հայտում «Գազպրոմ Արմենիան» ներկայացրել է մի քանի այլ փոփոխություն ևս, որոնց ընդունման դեպքում սպառողների համար գազը միջինում կթանկանա 11 տոկոսով», - ասաց պատգամավորը: