02/06/2020 16:04
Կյանքից հեռացել է կինոռեժիսոր, օպերատոր Էդուարդ Մաթևոսյանը
Կյանքից հեռացել է կինոռեժիսոր, օպերատոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Մաթևոսյանը, այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջում տարածված ցավակցական հրապարակումից:
«Մեծ ցավով հայտնում ենք, որ վախճանվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, կինոօպերատոր Էդուարդ Մաթևոսյանը: Նա կինոգործիչների այն սերնդից է, որն իր ստեղծագործական կյանքի ընթացքը կապեց մասնավորապես վավերագրական կինոյի հետ՝ անցնելով երկար ու բեղմնավոր ճանապարհ:
Նրա օպերատորական կենսագրության ձեռքբերումներն են ֆիլմեր, որոնք տարեգրային նշանակություն ունեն՝ «60-ականների որդիները», «Համո Բեկ-Նազարյան», «Էջմիածին», «Հայի աչքեր», «Երգում են աշխարհի հայերը» և այլն:
Էդուարդ Մաթևոսյանը հայկական կինոյի հնաբնակներից էր, վայելում էր ընկերների, գործընկերների սերն ու հարգանքը և նրա հիշատակը ընդմիշտ վառ կմնա բոլոր նրան ճանաչողների սրտերում:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անունից ցավակցում ենք Էդուրադ Մաթևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին ու մերձավորներին:
Նա իր գործով ու անունով մնալու է հայ կինոյի պատմության մեջ», - նշված է գրառման մեջ:
Էդուարդ Մաթևոսյանը ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 7-ին, Երևանում: 1954 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1972 թվականից` նույն կինոստուդիայի դոկումենտալ ֆիլմերի բաժնում:
1971 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի բարձրագույն ինստիտուտը:
Որպես կինոռեժիսոր և կինոօպերատոր հանդես է եկել ավելի քան 70 ֆիլմերում: