02/06/2020 09:44
«Փաստ». Մեր իրականության մեջ անցած երկուսուկես ամիսը կարելի է բնութագրել որպես ծայրահեղությունների շրջան
«Իշխանություններն էլ արդեն ընդունում են, որ «կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն», ու դժգոհում են, որ մեր հասարակությունը լուրջ չի վերաբերվում համաճարակին, պատասխանատվություն հանդես չի բերում: Ժամանակի ընթացքում հարկ կլինի հասկանալ, թե ինչու հայտնվեցինք նման ծանրագույն վիճակում: Հիմա արձանագրենք, որ մեր իրականության մեջ անցած երկուսուկես ամիսը կարելի է բնութագրել որպես ծայրահեղությունների շրջան:
Այդ գնահատականը գլոբալ իմաստով կարելի է նաև շատ ավելի երկար ժամանակահատվածի համար արձանագրել, սակայն հիմա խոսքը համաճարակային վիճակի մասին է: Ընդ որում, հարցը չի վերաբերում զուտ հակահամաճարակային գործողություններին:
Դրանցից ոչ պակաս կարևոր է տեղեկատվության փոխանցման, սոցիալական PR-ի գործոնը: Երբ նոր էր հայտարարվել հատուկ դրություն, առաջին սահմանափակումներից մեկը վերաբերում էր ԶԼՄ-ներին, որպեսզի հնարավոր լինի խուսափել խուճապային տրամադրություններ առաջացնող տեղեկություններից: Դեռ այն ժամանակ մասնագետները նշեցին, որ դա շատ անորոշ ձևակերպում է, որ նման դեպքերում չափազանց նուրբ է խուճապի անհրաժեշտություն անթույլատրելիություն սահմանը:
Արդյունքում հասարակությունն սկսեց չափազանց «թեթև» վերաբերվել այս ամենին: Ժամանակի հետ իշխանավորները, հատկապես առողջապահության նախարարն ու վարչապետը, իրենք սկսեցին ստիպված, այսպես կոչված, «խուճապային» մեսիջներ հղել, ինչը երբեմն ծայրահեղությունների է հասնում: Խոսքը թե ՄՀՀ-ի մահճակալների լուսանկարի մասին է, թե արհեստական շնչառական ապարատին միացված մարդկանց տառապանքների մասին հոգեցունց պատմությունների:
Մասնագետներն արդեն իսկ մտահոգություն են հայտնում, որ նման ծայրահեղություններն ի վերջո կարող են հոգեբանական լուրջ հետևանքներ ունենալ հասարակության զգալի հատվածի վրա, իսկ դրա արդյունքը կարող է ոչ պակաս ծանր լինել: Դոզավորումն ու գրագետ աշխատանքը չափազանց կարևոր են նաև հասարակության հետ տեղեկատվական աշխատանքի առումով:
Ցանկացած թեմայով ծայրահեղականությունն այս պարագայում կարող է անհամեմատ վտանգավոր լինել, այդ թվում՝ թե՛ «ամեն ինչ լավ է» կարգի տեղեկությունները (խուճապի բացառում), թե՛ սարսափեցնող քարոզչությունը (սրթրեսային խուճապ)»: