02/06/2020 19:30
Հայկական կինոն հասանելի կլինի երկրի սահմանամերձ ու հեռավոր շրջաններում. Հուշագիր՝ ազգային կինոկենտրոնի և Տավուշ-TV-ի միջև
Հայաստանի ազգային կինոկենտրոնի (ՊՈԱԿ) տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և Տավուշի մարզային հեռուստաընկերության (Տավուշ-TV) գլխավոր պրոդյուսեր Նիկոլայ Գրիգորյանը 2020 թվականի հունիսի 1-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Համագործակցության նպատակն է հայկական կինոն հասանելի դարձնել երկրի սահմանամերձ ու հեռավոր շրջաններում՝ ապահովելով մարզերում մշակութային արտադրանքի (ֆիլմերի) հասանելիությունն ու մատչելիությունը, հաղոդակից դարձնելով մարզերի բնակչությանը ժամանակակից կինոպրոցեսներին։
Տավուշի մարզը Հայաստանի հեռավոր սահմանապահ բնակավայրերից է և տեղի սահմանամերձ գյուղերում հայկական ժամանակակից ֆիլմերի ու մեր կինոժառանգության նմուշների շարունակական ցուցադրումները չափազանց կարևոր են։
Հուշագրի վավերացման օրը՝ հունիսի 1-ը, պատահական չէր ընտրվել․ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը պատրաստել էր մանկական ֆիլմերի և մուլտերի զանազան փաթեթներ, որոնք էլ ցուցադրության համար նույն օրը փոխանցվեցին Տավուշ-TV-ին։
Հուշագրի համաձայն՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնն այսուհետ ցուցադրության նպատակով, պարբերաբար Տավուշ TV-ին կտրամադրի ֆիլմերի փաթեթներ (գեղարվեստական, վավերագրական, անիմացիոն, գիտահանրամատչելի, մանկական և այլն)՝ իրենց օրինակներով։
Հաջորդիվ, երբ կնահանջի համաճարակը, և հնարավոր կդառնան ազատ շփումները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսում է կազմակերպել բացօթյա ցուցադրություններ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում: