03/06/2020 18:50
Կառավարությունը մոտ 400 միլիոն դրամ կծախսի անաշխատունակության նպաստների համար. Նարեկ Զեյնալյան
Այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, իմքայլական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ներկայացրեց «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին ՀՀ օրենքում» լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նա նշեց՝ քանի որ վարակի տարածումը կանխելու համար իրականացվել են անձանց մեկուսացման և ինքնամեկուսացման միջոցառումներ, և վարձու աշխատողներն, ըստ էության, չեն կարողացել եկամուտ ստանալ, առաջարկվում է նախատեսել նպաստի մեկ ձև՝ մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատողներ են կամ ինքնուրույնաբար իրենց ապահովել են աշխատանքով:
«Առաջարկվում է, որպեսզի նրանց տրամադրվի անաշխատունակության նպաստ: Սա սոցիալական ուղղվածություն ունի: Փորձել ենք սահմանափակել մարդկանց շրջանակը, և այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, խախտել են մեկուսացման կանոները կամ հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել և գործատուի կողմից վճարվել, չեն օգտվի այս նպաստից», - ասաց պատգամավորն՝ ավելացնելով, որ մոտավոր հաշվարկներով բյուջեի վրա այս ծրագիրը կարժենա 400 միլիոն դրամ: