03/06/2020 12:00
Պատասխանատվությունը քաղաքացիների վրա գցելը կառավարության անկարողության ցուցադրում է. Մանե Թանդիլյան
Կառավարությունն ուղղակիորեն ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը: Այլ բառով դա նկարագրել հնարավոր չէ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
«Յուրաքանչյուր միջոցառում պետք էր անել պատեհ ժամանակ, այսինքն՝ ճիշտ այն պահին, երբ դրա կարիքը կար, որովհետև սա այն հանգամանքն է, երբ մեկ-երկու օր ուշացումը ճակատագրական եղավ: Այն միջոցառումները, որոնց մասին այսօր խոսում է կառավարությունը, պետք էր անել ավելի վաղ՝ ճիշտ ձևաչափով:
Կառվարության կողմից կորոնավիրուսի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը տարածվեց ժողովրդի մեջ, և ես ուզում եմ հույս հայտնել, որ քաղաքացիները ավելի խոհեմ կգտնվեն, քան կառավարությունը, որը ժամանակին հեգնում էր վիրուսի տարածումը, իսկ հիմա խուճապի մեջ է», - ասաց Մանե Թանդիլյանը:
Պատգամավորի խոսքով՝ կառավարությունը ոչ մի դեպքում չպետք է պատասխանատվությունը գցի քաղաքացիների վրա:
«Դա սեփական անկարողության ցուցադրում է, կառավարությունը պետք է ապահովի վիրուսի կանխման գործողությունները», - նշեց Մանե Թանդիլյանը: