03/06/2020 14:40
Երկու ամիս է՝ բանկերի մոտ կուտակումներ են, և ոչ ոք այդ հարցով չի զբաղվել. Մարուքյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարների մասին
Երկու ամիս է՝ բանկերի մոտ կուտակումներ են, և ոչ ոք այդ հարցով չի զբաղվել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով վարչապետի կողմից ֆեյսբուքյան էջում մարդկային կուտակումների մասին լուսանկարների հրապարակմանը:
«Երկար ժամանակ է՝ իրավիճակն այսպիսին է, և համապատասխան մարմիններն աշխատանք չեն արել: Հիմա լավ է ուշ, քան երբեք: Բայց նաև տեսանք, որ հարսանիք-կնունքներ են լինում: Համապատասխան մարմինները ստուգե՞լ են դա», - հարց ուղղեց բանախոսը:
Մարուքյանը միաժամանակ նկատեց՝ ավելի խիստ սահմանափակումներ կարող են կիրառվել միայն այն դեպքում, եթե կառավարությունը հոգա քաղաքացիների կարիքները:
«Խնդիրն ավելի շատ եղած սահմանափակումները ճիշտ կիրառելու մեջ է: Ինչ վերաբերում է անվստահություն հայտնելուն, ակնհայտ է, որ պատասխանատուները պետք է ընդունեն՝ իրենց ներդրած քաղաքականությունն ունի բացթողումներ, հետևաբար որոշ մարդիկ պետք է ազատվեն», - ասաց Մարուքյանը: