04/06/2020 11:30
Փաստորեն, խորհրդարանական մեծամասնությունը չի կարողացել համոզել կառավարությանը. Մարուքյանը՝ Զեյնալյանին
Կառավարությունն, ընդհանուր առմամբ, դեմ չէ կորոնավիրուսի հետևանքով ժամանակավոր անաշխատունակության նպաստի գաղափարին, սակայն առաջարկել է մի քանի օր դադար վերցնել՝ հավելյալ հաշվարկներ և կանխատեսումներ կատարելու համար: Հետևաբար առաջարկում եմ օրինագծին առայժմ դեմ քվեարկել և այն տեղափոխել առաջարկությունների ներկայացման փուլ, ԱԺ նիստի ընթացքում ասաց օրինագծի հեղինակ, իմքայլական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձեց՝ նախագիծը շատ լավն է, իրենք դեռ կորոնավիրուսի տարածման սկզբից են խոսել թիրախային խմբերին աջակցություն տրամադրելու մասին, և ճիշտ կլինի հարցը քվեարկության դնել հենց այսօր:
«Ոնց հասկանում եմ՝ կառավարության հետ չեք կարողացել գալ համաձայնության, և հարցը կարող է ընդհանրապես չընդունվի: Փաստորեն, խորհրդարանական մեծամասնությունը չի կարողացել համոզել կառավարությանը, որ այս նախագիծը կարևոր է և հիմա է պետք ընդունել: Ի՞նչն է քաղաքական պատճառը, որ չեք ուզում՝ նախագիծը հիմա ընդունվի. դա եմ ուզում հասկանալ», - պնդեց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ երեկ նախագիծը ներկայացնելիս Նարեկ Զեյնալյանը հայտարարել էր՝ նպաստի այս ծրագիրը բյուջեի վրա մոտավոր հաշվարկներով կարժենա 400 միլիոն դրամ: