04/06/2020 14:06
Այսօր ավարտվում են ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները․ Յուրի Խաչատուրովն այդպես էլ չներկայացավ
2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներ ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր ավարտում է աշխատանքները։
Մեկ տարվա ընթացքում հանձնաժողովը մի շարք ներկա և նախկին պաշտոնյաների է հյուրընկալել, թե՛ Արցախից, թե՛ ՀՀ-ից։
Տարեսկզբին հանձնաժողով էր հրավիրվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով նշել էր, որ ճակատագրական սխալներ չեն եղել, իսկ ԶՈՒ հրամանատարական կազմը, ղեկավարման համակարգն իր պարտականություններն իմացել է և իրականացրել իր գործառույթնների շրջանակներում:
Արցախի Հանրապետության ոստիկանության արդեն նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն, ով 2016 թվականին զբաղեցնում էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը ևս հյւուրընկալվել է հանձնաժողով և նշել, որ եղել են բացթողումներ, բայց դրանք չեն ազդել պատերազմի ընթացքի վրա։
Հանձնաժողով էր հրավիրվել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, ով հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասել էր, որ հանձնաժողովի նիստին գալու իր որոշումն ամբողջությամբ արդարացված էր։
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս հյուրընկալվել էր հանձնաժողով։ Նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Կարապետյանը տվել է իրենց հետաքրքրող հարցի պատասխանը։
ԱԳ նախկին ղեկավար Էդվարդ Նալբանդյանն էլ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել է տեսակապի միջոցով։ Նիստից հետո Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Նալբանդյանի պատասխաններից հետո Յուրի Խաչատուրովն, ով ապրիլյան իրադարձությունների ժամանակ եղել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, երկու օր ժամանակ ունի նիստին ներկայանալու համար, մինչդեռ վերջինս այդպես էլ չներկայացավ նիստին։
Նշենք, որ հանձնաժողովի վերջին հյուրը Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանն էր։
Հանձնաժողովի արդյունքները հանրությանը կներկայացվեն սեպտեմբերին։