04/06/2020 12:58
Սպասում եմ, որ Միքայել Մինասյանին մեղադրեն Գառնու տաճարի սեփականաշնորհման համար. Ամրամ Մակինյան
Վերաքննիչ դատարանի որոշումն, ըստ էության, առաջին ատյանի դատարանի խայտառակ որոշման պատասխանն էր, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաբանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը։
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։
«Ես իմ 20 տարվա իրավական պրակտիկայում այդպիսի որոշում չեմ կարդացել, չեմ տեսել այնպիսի քրեադատավարական գործընթացներ, որ իրականացվում են Միքայել Մինասյանի նկատմամբ։ Վերաքննիչ քրեական դատարանը պարզապես իր բարձրության վրա գտնվեց և արձանագրեց այն, ինչ դատարանը պետք է արձանագրեր», - ասաց Ամրամ Մակինյանը։
Ինչ վերաբերում է հետագային, նա նշեց.
«Ես, անկեղծ ասած, սպասում եմ, որ Գառնու տաճարի սեփականաշնորհման մեջ մեղադրեն պարոն Մինասյանին։ Պատրաստվում ենք պաշտպանվել և ապացուցել, որ Գառնու տաճարի սեփականաշնորհման գործընթացում Մինասյանը կապ չունի»։