04/06/2020 17:00
ԱՄՆ-ում ավելի քան 10 հազար մարդ է ձերբակալվել աֆրոամերիկացու մահվան կապակցությամբ բողոքի ցույցերի ընթացքում
ԱՄՆ-ի շատ քաղաքներում՝ Մինեապոլիսում (Մինեսոտա) ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո բռնկված բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալությունների թիվը գերազանցել է 10 հազարը, հայտնում է «Associated Press» (АP)-ը:
Ձերբակալությունների ավելի քան քառորդ մասը բաժին է ընկնում Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքին, որին հետևում է Նյու Յորքը, Դալլասը (Տեխաս) և Ֆիլադելֆիան (Փենսիլվանիա):
Ձերբակալվածներից շատերին մեղադրանքներ են առաջադրվել մանր իրավախախտումների համար, օրինակ՝ պարետային ժամի կանոններին չհետևելու: Ընդ որում, ինչպես նշել է AP-ն, հարյուրավոր ցուցարարներ ձերբակալվել են գողության կամ թալանի մեղադրանքով:
Անկարգությունների դեմ պայքարում իրավապահներին հաճախ միանում է ԱՄՆ ազգային գվարդիան, ներկայումս մոտ 30 հազար զինծառայող է ներգրավված 31 նահանգում և Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանում:
Մոտ 40 քաղաքներում, այդ թվում՝ Վաշինգտոնում և Նյու Յորքում, պարետային ժամ է հայտարարվել: