04/06/2020 16:56
«BLOND 007». համացանցում է հայտնվել հումորիստ Արման Գևորգյանի երկրորդ նախագիծը (Տեսանյութ)
Համացանցում է հայտնվել հումորիստ, շոումեն Արման Գևորգյանի «Armani Show» նախագծի հերթական տեսահոլովակը: «BLOND 007»-ն այս նախագծի շրջանակներում երկրորդն է: Այն իր ասելիքով ու բովանդակությամբ խիստ տարբերվում է նախորդ՝ «Ո՞վ ենք մենք» տեսահոլովակից:
«Իրականում, այս տեսահոլովակը նախատեսված էր հրապարակել կանանց տոների մեկամսյակի շրջանակներում, բայց կարանտինային պայմանները թույլ չտվեցին աշխատանքներն իրականացնել ավելի արագ: Այդ իսկ պատճառով որոշեցինք այս ոչ հաճելի օրերը լցնել բարձր տրամադրությամբ և դրական լիցքերով:
Կարծում եմ՝ այս ոչ ստանդարտ օրերին տեսահոլովակը կարող է պոզիտիվ փոխանցել հայ հանրությանը: ArmaniShow#2-ն ավելի ուրախ է, արևոտ, ծովային, հումորային և հիթային: Երգը աղջիկների, հատկապես՝ շիկահերների մասին է: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք որևէ կերպ առնչություն են ունեցել տեսահոլովակի ստեղծման ու կայացման գործում», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց շոումենը:
Տեսահոլովակի ռեժիսորն է Դավիթ Գրիգորյանը: