04/06/2020 17:25
Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ «Երբ որ քամին հանդարտվի» արցախյան թեմայով ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում
Հայկական, բելգիական և ֆրանսիական համատեղ արտադրության «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը, որի ռեժիսորն է Նորա Մարտիրոսյանը, ընդգրկվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի «The First Features» մրցութային ծրագրում։
Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջից:
Այս մասին փառատոնի նախագահ Պիեր Լեսկյուրը և տնօրեն Թիերի Ֆրեմոն հայտարարել են կինոփառատոնի մրցութային ֆիլմերի պաշտոնական ընտրության արդյունքներն ուղիղ հեռարձակմամբ ներկայացնելիս։
Հայկական մասնակցությունը ֆիլմում՝ ի դեմս Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, 43.000.000 ՀՀ դրամ է: Մասնագիտական բացառիկ աշխատանքի արդյունքում ֆիլմարտադրությանը մասնակցություն է ունեցել նաև Եվրիմաժը, որին անդամակցում է Հայաստանը:
«Ընդհանրապես, այս եզակի հաջողությունը գրանցվել է երկարատև տքնաջան ու պրոֆեսիոնալ լուրջ աշխատանքի արդյունքում: Թե՛ հայկական, թե՛ մասնակից մյուս պրոդյուսերական թիմերը հսկայական ծավալի աշխատանք են իրականացրել:
Թեև «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը Նորա Մարտիրոսյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է, Նորա Մարտիրոսյանը, սակայն, ճանաչված անուն է կինոաշխարհում: Նրա «Միջանցիկ քամի» և «1937» ֆիլմերն ընդգրկված են Պոմպիդու արվեստի կենտրոնի հավաքածուում», - նշված է Կինեմատոգրաֆիստների միության հաղորդագրության մեջ:
Ֆիլմն արցախյան թեմայով է, մեծ ծավալի նկարահանումներ են իրականացվել Արցախում, ֆիլմի ստեղծման աշխատանքներում ընդգրկված են եղել նաև հայաստանյան ստեղծագործական ու տեխնիկական աջակցման թիմեր:
Ֆիլմի պրոդյուսերն է Անի Որսկանյանը: