04/06/2020 13:45
ԱԺ-ն այսօր ոնց որ ՀՀ գենշտաբը լինի, խրամատից խոսող շատ մարդիկ տեղը չեն էլ բերում՝ խրամատն ինչ է. Սասուն Միքայելյան
Այսօր մի տեսակ շատ խոսեցինք խրամատից, պատերազմական վիճակից, խուճապից: Խրամատից խոսող շատ մարդիկ տեղը չեն էլ բերում կամ չեն էլ պատկերացնում՝ խրամատն ինչ է, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«ԱԺ-ն այսօր ոնց որ ՀՀ գենշտաբը լինի, որովհետև այս ամբիոնը ամենահասանելի տեղն է, որ մարդիկ միանգամից լսում են և կարծիք են հայտնում: Պետք չէ խուճախի մատնել. կա պրոբլեմ, կա երկրում իրավիճակ։ Պատերազմական ժամանակաշրջանում, ինչքան էլ պլանավորված հարձակում լինի, մեկ է՝ հրամանատարն է որոշում՝ ուր գնալ կամ ինչ անել: Դրա համար մենք այսօր մի տեսակ մեր ժողովրդին պանիկայի մեջ են գցում:
Պետք չէ նման բան անել: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, և այս պանիկան՝ ուր, պատերազմն՝ ուր: Մեր ուղեղի մեջ միշտ մի բան պետք է լինի՝ մենք ամեն մեկս պետք է պատրաստ լինենք պատերազմի՝ այսօր, վաղը, մյուս օրը, մի ժամ հետո, և այսօր մեր ժողովրդի, ԱԺ-ի համախմբվածությունը առավել կարևոր է, քան թե որևէ այլ ժամանակ», - նշեց խորհրդարանականը:
Սասուն Միքայելյանի խոսքով՝ երկրում առկա է մի իրավիճակ, որը պետք է կարգավորվի: Հնարավոր է՝ կան թերացումներ՝ առողջապահության նախարարության կամ կառավարության կողմից, բայց այս ժամանակաշրջանում, երբ վայրկյան-վայրկյան իրավիճակ է փոխվում, պետք է ընթացքին անընդհատ հետևել:
«Որ ուզում ես թշնամուն վնասազերծել, պետք է թշնամուդ հետ քայլես: Լուրջ իրավիճակի մեջ ենք, ամբողջ աշխարհն է, միայն մենք չենք, խնդիրն այն է, որ մենք համախմբված լինենք», - ասաց ազատամարտիկ պատգամավորը: