04/06/2020 16:52
Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել. Տեր Օշին քահանա Հայրապետյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակած լուսանկարին
Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանը հայտարարել է, որ Սաղմոսավանքում որևէ հարսանիք չի կատարվել։
«Սիրելի՛ հավատացյալներ, այսօր ՀՀ Վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց մի լուսանկար, որում ցուցադրված էր իբրև թե այսօր Սաղմոսավանքում տեղի ունեցած հարսանիքից մեկ դրվագ։ Այս լուսանկարը այսօրվա չէ, քանի որ այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել», - Facebook-ի իր էջում գրել է Տեր Օշին քահանա Հայրապետյանը։
«Ավելին եկեղեցու ներսում ծեսը կատարվում է մեկ քահանայի, հարսի, փեսայի, քավորի ներկայությամբ և ոչ ավելին՝ պահպանելով պարետատան կողմից սահմանված կարգը։ Հետևաբար նկար ուղարկողը ոչ միայն խեղում է ճշմարտությունը, այլև խաբում է Վարչապետին և մեզ ամենքիս։ Ամոթ է մի՛ արեք», - նշել է նա։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել՝ գրելով.
«Երջանկություն նորապսակներին. իսկ նրանց տատիկ-պապիկներին ի՞նչ: Լուսանկարն արվել է այսօր՝ Սաղմոսավանքում»: