04/06/2020 11:44
Երեկ խնդիրներ ենք ունեցել կուտակումների հետ կապված, բայց դրական տեղաշարժ կա. Հակոբ Արշակյան
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Հայփոստում» արձանագրված խնդրին։
Նա Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են արվել, որպեսզի իրավիճակը 100 տոկոսով համապատասխանի հակահամաճարակային իրավիճակին։
«Մենք խնդիրներ ենք ունեցել կուտակումների հետ կապված։ Ինչպես բանկային համակարգում, դրսում ևս կուտակումներ ենք նկատել։ «Հայփոստի» բոլոր բաժանմունքների առաջ խնդիր է դրվել, որպեսզի դրսում հերթը վերահսկեն։ Երեկ՝ օրվա երկրորդ կեսին, արդեն դրական տեղաշարժ ունեինք, գծանշվել են նաև փոստային մեծ բաժանմունքների դիմացի հատվածները, այսօր շարունակվել են աշխատանքները», - ասաց Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով՝ երեկ պարետը որոշել է, որ այս ամիս ևս փոստատարների միջոցով թոշակները կառաքվեն տներ:
«Այստեղ շատ կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ թոշակառուները հնարավորություն ունեն ստանալ բանկային քարտեր։ Դա, իհարկե, պարտադիր բնույթ չի կրում, հարյուր հազարավոր թոշակառուներից շատ քչերն են օգտվում այդ հնարավորությունից։ Ես կոչ կանեմ մեր թոշակառուներին, որ նրանք բանկային քարտերի միջոցով ստանան թոշակները, որպեսզի հերթերից, կուտակումներից խուսափեն։ Այս պահին ԱԺ-ում է գտնվում օրինագիծ կենսաթոշակների մասով, որով մյուս տարվանից պարտադիր է դարձվում կենսաթոշակների անկանխիկ ստացումը։ Սա լավ հնարավորություն է, որպեսզի մենք մեկ քայլ առաջ կատարենք անկանխիկի մասով», - ասաց նախարարը: