04/06/2020 12:46
Խորհրդարանական մեծամասնությունը կառավարության հորդորով դեմ քվեարկեց երեկ առաջին ընթերցմամբ ընդունված մեկուսացման նպաստի մասին թիմակցի նախագծին
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունելու քվեարկության ժամանակ դեմ քվեարկեց նախագծին, որը երեկ առաջին ընթերցմամբ ընդունվել էր։
Այսօր առավոտյան երկրորդ ընթերցման ժամանակ նախագծի հեղինակ Նարեկ Զեյնալյանն առաջարկեց դեմ քվեարկել նախագծին, քանի որ կառավարությունն առաջարկել է մի քանի օր դադար վերցնել՝ նախագծի մասով հավելյալ հաշվարկներ և կանխատեսումներ կատարելու համար:
Դեռ առաջին ընթերցման ժամանակ իշխանական պատգամավորները զարմանք արտհայտեցին առ այն, որ կառավարության ներկայացուցիչը կոչ է անում ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից։
Ընդդիմությունը դեմ արտահայտվեց կառավարության որոշմանը։
Նշենք, որ Զեյնալյանի հորդորով նախագիծը տեղափոխվեց առաջարկների փուլ։
Հիշեցնենք, որ նախագիծն առաջարկում էր պարետի ցուցումով մեկուսացած և ինքնամեկուսացած աշխատող քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունը՝ մեկուսացման և ինքնամեկուսացման ժամանակահատվածում կվճարվի մեկուսացման նպաստ:
Կարգավորումը վերաբերելու էր վարձու կամ ինքնուրույնաբար աշխատանքով զբաղված քաղաքացիներին: Նպաստի այս տեսակից չէին օգտվելու մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտած, հարկադիր պարապուրդի կապակցությամբ գործատուի կողմից 2/3-ի չափով աշխատավարձ ստացած, ինչպես նաև հեռավար աշխատած քաղաքացիները: