04/06/2020 12:26
Փոփոխություն՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 8-րդ ծրագրում. շրջանակն ընդլայնվեց
Կառավարության այսօրվա նիստին փոփոխություններ կատարվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող ութերորդ ծրագրում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը ներկայացրեց, որ նախագծով առաջարկվում է կորոնավիրուսի հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտներ վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին միանվագ աջակցություն տրամադրելու ոլորտների ցանկը ընդլայնել:
«Առաջարկվում է ևս 9 ոլորտներով ցանկը ընդլայնել: Այս ինը ոլորտների ավելացմամբ մենք կծածկենք ևս 1875 կազմակերպության, որոնց մոտ աշխատում է շուրջ 9171 աշխատակից, ընդհանուր աջակցության բյուջեն կկազմի 623 միլիոն 628 հազար դրամ: Ութերորդ միջոցառմամբ արդեն վճարել ենք 124 609 շահառուների, 8,5 միլիար դրամ է կազմում գումարը», - ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահին շահառուներին հասանելի է օժանդակության, ընդհանուր առմամբ, 100 միլիարդ 400 միլիոն դրամ, միջոցառումներից օգտված տնտեսվարողների թիվը կազմում է 51 հազար 800, ֆիզիկական անձանց թիվը գերազանցում է 1,1 միլիոնը:
Ավեալցված 9 ոլորտներն են՝ մանածագործական արտադրատեսակների արտադրություն, փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից, թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն, ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն, էլեկտրական սարքավորանքի արտադրություն, ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն, համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում և ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն: