04/06/2020 18:05
Թիվ 24 մանկապարտեզը փակվել է. արձանագրվել է կոնտակտավոր աշխատակցի և սանի առկայություն
Այսօր ՀՀ պարետի N 109 որոշման հիման վրա ՀՀ կրթության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է Երեւանի Նորք-Մարաշի թիվ 122 եւ Արաբկիրի թիվ 24 մանկապարտեզների գործունեությունը։ Կասեցման հիմքը ավելի վաղ՝ այս մանկապարտեզներում արձանագրված հակահամաճարակային կանոնների խախտումներն են։
Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 122 մանակապարտեզի կասեցումը 1 օրով է. կիրականացվեն ախտահանման աշխատանքներ, համապատասխան ախտահանիչ միջոցների ձեռքբերում և երեխաների անկողնային պարագաների հետ կապված խախտումների վերացում։ Իսկ մյուսը՝ Արաբկիր վարչական շրջանի թիվ 24 մանկապարտեզը, կասեցվել է 7 օրով, որտեղ բացի հակահամաճարակային կանոնները չպահպանելուց, արձանագրվել է նաեւ կոնտակտավոր աշխատակցի եւ սանի առկայություն։
ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր ուժեղացված վերահսկողությամբ ստուգայցերը շարունակել է Աջափնյակ վարչական շրջանի մանկապարտեզներում։ Մշտադիտարկման արդյուքնում արձանագրվել է, որ նախորդ օրերի համեմատ երեխաների հաճախումները կտրուկ նվազել է։
Մանկապարտեզներից մեկում արձանագրվել է սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման ոչ բավարար վիճակ։ ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից տրվել են ցուցումներ նկատված խախտումները վերացնելու համար։
Միաժամանակ Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզում ՀՀ կրթության տեսչական մարմինը այսօր արձանագրել է, որ սաներից մեկի մոտ օրերս հաստատվել է կորոնավիրուսային վարակ։ Երեխայի հաճախած խումբը փակ է եղել, աշխատակիցները աշխատանքի չեն ներկայացել։ Այստեղ արձանագրվել են նաև հակահամաճարակային կանոնների և գրանցամատյանի վարման հետ կապված խախտումներ։
ՀՀ կրթության տեսչական մարմինը համապատասխան տեղեկատվությունը ներկայացնում է պարետատուն: