04/06/2020 13:20
Սևանա լճից 2020-ի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանվում է մինչև 170 մլն խմ
Ոռոգման նպատակով Սևանա լճից 2020 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանվում է մինչև 170 մլն խմ, նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Ջրային կոմիտեի նախագահին թույլատրվում է, կախված եղանակային պայմաններից, Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառի չափաքանակի շրջանակներում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ:
Սահմանվում է Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը, գետի հունով, յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին բաց թողնել մեկ ժամով նախազգուշական ելք` 2.0 խմ/վրկ և երկու ժամով հիմնական ելք` 5.0 խմ/վրկ, ընդամենը տարեկան` 0.65 մլն խմ:
Նախագծի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ:
Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2020 թվականի ոռոգման շրջանում, ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 31 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման (Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճ) նպատակով գետի հունով բացթողնվող ջրի ծավալը կկազմի շուրջ 463 մլն մ3:
Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 135,0 մլն մ3, Ազատի ջրամբարից շուրջ 41,0 մլն մ3, Ապարանի ջրամբարից շուրջ 12,0 մլն մ3 ջրաքանակներով` հաշվի առնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության` ՀՀ գետերի 2020թ. գարնանային վարարումների տարրերի կանխատեսումը: Միաժամանակ նախատեսվում է Մխչյանի և Ռանչպար-Արևշատ պոմպակայանների առավելագույն հզորությամբ գործարկմամբ ապահովել շուրջ 55 մլն մ3 ջրարտադրություն (ընդամենը՝ 243 մլն մ3):
Պահանջարկի և վերը նշված ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի՝ ջրառաջարկի տարբերությունը կազմում է շուրջ 220 մլն մ3, սակայն, ղեկավարվելով «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջով, ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով նախատեսվել է լճից ոռոգման նպատակով մինչև 170 մլն մ3 ծավալով բացթողում:
Այսպիսով, ոռոգման հաշվարկված ջրապահանջի (շուրջ 463 մլն մ3) և հնարավոր ջրառաջարկի (243+170=413 մլն մ3) տարբերությունը (դեֆիցիտ) կազմում է շուրջ 50 մլն մ3, որտեղ հաշվի չեն առնվել ամառային ամիսների եղանակային պայմանների հնարավոր փոփոխությունները (լիազոր մարմնի կողմից կանխատեսումը լրացուցիչ կճշգրտվի):
Վերոգրյալը և ՀՀ կառավարության 18.09.2014թ. N 1111-Ն և 23.04.2020թ. N 597-Ն որոշումներով համապատասխանաբար Արարատյան, Հրազդանի, Ախուրյանի և Հյուսիսային, Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սահմանված սակավաջրության հանգամանքը հաշվի առնելով՝ հանձնարարվել է ոռոգման ջրամատակարարում իրականացնող համապատասխան կազմակերպություններին՝ ուսումնասիրել այլընտրանքային ջրաղբյուրներից ջրամատակարարման հնարավորությունները՝ նշված շուրջ 50 մլն մ3 դեֆիցիտը մեղմելու նպատակով: