04/06/2020 13:56
Կառավարությունն ԱՄՀ-ից 315 մլն դոլարի վարկ կվերցնի
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագրին:
«Անցյալ տարեվերջին բոլոր կանխատեսումներով ավելի քան 170 երկրներում ենթադրվում էր աճ, մինչդեռ ապրիլին վերանայված կանխատեսումների համաձայն գնահատվում է, որ այդ երկրներում կլինի անկում, համաշխարհային տնտեսության մոտ 3,5 տոկոս անկման ցուցանիշ է կանխատեսվել, հետևաբար, այս իրավիճակը չի կարող իր ազդեցությունը չունենալ նաև մեր բյուջեի ցուցանիշների վրա», - ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նա նշեց, թե ենթադրվում է, որ անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչն էլ կհանգեցնի դեֆիցիտի մեծացման՝ ծախսերի նույն մակարդակը պահպանելու դեպքում:
«Դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է փոխառու միջոցների ներգրավում, հետևաբար, դեֆիցիտի մեծացումն ինքնաբերաբար կհանգեցնի պարտքի աճի», - ասաց Ատոմ Ջանջուղազյանը։
«2019-ին մենք ԱՄՀ-ի հետ ծրագիր ենք հավանության արժանացրել, որը գնահատվում է որպես կանխարգելիչ և ենթադրվում էր, որ միայն արտաքին ցնցումների դեպքում կօգտվենք ԱՄՀ-ի կողմից մեզ տրամադրվելիք վարկի հնարավորությունից, մինչդեռ, համավարակը հաշվի առնելով՝ մենք մարտի վերջին, ապրիլի սկզբին հեռավար կարգով ավարտեցինք բանակցությունների հերթական փուլը, վերանայվեց ծրագիրը: Դրա շրջանակում համաձայնություն ձեռք բերվեց, որ ավելի մեծ չափով կարող են այդ միջոցները հասանելի լինել՝ մոտավորապես 315 մլն դոլարին համարժեք», - ասաց նա։
Ջանջուղազյանի խոսքով՝ դա կօգտագործվի ոչ թե վճարային հաշվեկշռի, այլ ՝ բյուջետային ծրագրերի ֆինանսավորման համար, այսինքն՝ կլինի որպես բյուջետային աջակցության վարկ։
Ներկա պահին Հայաստանի Հանրապետության համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 206 մլն ՀՓԻ (280 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ, և ևս 25․714 մլն ՀՓԻ (35 մլն ԱՄՆ դոլար) հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում։
Նախագիծը կներկայացվի Սահմանադրական դատարան, ապա՝ Ազգային ժողովի վավերացմանը: Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցիչ կնշանակվի ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։