05/06/2020 15:25
Դավիթ Անանյանը որոշել է ինքը հեռանա, քան վարչապետի հորդորով հեռացնի արդյունավետ կադրերից մեկին
Պետական եկամուտների կոմիտեից վստահեցնում են՝ աշխատանքից ազատման դիմում գրած ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որևէ խնդիր չի եղել:
«Տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի՝ կապված կադրային խնդրի հետ: Պարոն Անանյանը նախընտրել է ինքը հեռանալ, քան թե հեռացնի ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին», - Aysor.am-ին ասացին ՊԵԿ լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք՝ երեկ Անանյանը հայտարարեց, որ վարչապետին է ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։ Անանյանը, սակայն, պատճառների մասին չէր խոսել։
Ըստ մամուլի հրապարակումների՝ ՊԵԿ նախագահի հրաժարականի պատճառը եղել է Արարատյան մաքսատանն արված լուսանկարները, որտեղ պահպանված չէր հակահամաճարակային կանոնները։
«Վարչապետը պահանջել է ՊԵԿ նախագահից աշխատանքից անհապաղ ազատել այդ մաքսատան ղեկավար Մհեր Մարտիրոսյանին։
Սակայն Անանյանը հրաժարվել է կատարել վարչապետի պահանջը՝ դա հիմնավորելով նրանով, որ Մարտիրոսյանը երկարամյա մասնագետ է, իր գործի պրոֆեսիոնալը ու ՊԵԿ նախագահն անարդար ու անիմաստ է համարել մարդկանց կուտակումների համար մաքսային գործի մասնագետին աշխատանքից ազատելը», - գրել էր «Հրապարակ»-ը։