05/06/2020 11:18
2019-ին պետբյուջե է մուտքագրվել շուրջ 1.5 տրիլիոն դրամ եկամուտ. ՀՀ փոխվարչապետ
2019 թվականին պետբյուջե է մուտքագրվել շուրջ 1.5 տրիլիոն դրամ եկամուտ՝ շուրջ 16.7 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Հարկային եկամուտները աճել են 16.4 տոկոսով, խորհրդարանում 2019 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Հարկային եկամուտներ-ՀՆԱ ցուցանիշը 2019 թվականին կազմել է 22.35 տոկոս: Պետական բյուջեի ծախսերը նախորդ տարի կազմել են շուրջ 1.6 տրիլիոն դրամ: Հարկ է նշել, որ հաշվետու տարում ապահովվել է ոչ միայն ի սկզբանե պետբյուջեով նախատեսված ծախսերի, այլև լրացուցիչ հարկային եկամուտների հաշվին վերնայված ծախսային միջոցառումների գծով բոլոր կանխատեսված և նոր ձևավորված պարտավորությունների լիարժեք կատարումը», - ասաց փոխվարչապետը:
Մհեր Գրիգորյանը նկատեց՝ 2019-ին պետբյուջեի ծախսերն աճել են 12.6 տոկոսով, ինչը հանգեցրել է ՀՆԱ-ի նկատմամբ ծախսերի հարաբերակցության աճին: Այն կազմել է 24.9 տոկոս:
«2019 թվականի բյուջեն կատարվել է 64 միլիարդ դրամ պակասուրդով՝ կազմելով ծրագրային ցուցանիշի 41.6 տոկոսը: 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքը կազմել է շուրջ 3.2 տրիլիոն դրամ կամ ՀՆԱ-ի 50 տոկոսը», - նշեց ՀՀ փոխվարչապետը: