05/06/2020 19:57
Շարունակելու ենք պրոցեսը, իհարկե, որոշակի սրբագրումներ անելով. Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիների լուսանկարները հրապարակելու մասին (Տեսանյութ)
Ցանկացած հրապարակում ահազանգ է, և եթե որևէ ահազանգ չի հաստատվում, շատ ավելի լավ, այդպիսով նաև ծառայում է իր նպատակին, այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին իր հայտարարած ֆլեշմոբի վերաբերյալ, որի ընթացքում պարզվեց՝ մի շարք լուսանկարներ ու տեսանյութեր հին են, որոշներն էլ խախտում են անձնական տվյալների պաշտպանության իրավունքը.
«Բայց ես ուզում եմ բերել կոնկրետ օրինակ, երբ մի կազմակերպության կողմից հերքվել էր մի ահազանգ, բայց երեկ ուշ երեկոյան պարզվեց, որ նույնանուն կազմակերպության կողմից կազմակերպվել է մի խայտառակ միջոցառում, բառիս ոչ միայն այն առումով, որ հավաքույթ է տեղի ունեցել, այլև բեմական համարներ են ցուցադրվել, որտեղ հրապարակվում է, որ միջոցառումը, որը հիմա տեղի է ունենում, արգելված է:
Երկրորդ՝ այս հարցը մենք քննարկել ենք անհատական տվյալների պաշտպանության գործակալության հետ և, ըստ էության, բոլոր այն քաղաքացիներն, ովքեր իրենց լուսանկարները հրապարակել են հրապարակային նշանի ներքո, այդպիսով թույլատրել են բոլորին վերահրապարակել իրենց լուսանկարները:
Ինչ վերաբերում է մյուս պարագաներին, գիտեք, ասենք, եթե օրինակ մի քաղաքացի փողոցում իրավախախտում կատարի և ոստիկանները մոտենան նրան բերման ենթարկելու, որևէ այլ քաղաքացի, ինչպես շատ ենք տեսնում, օրինակ՝ ուղիղ եթերի ռեժիմով լուսաբանի դա առանց այդ քաղաքացուն հարցնելու, ոչ մեկի մոտ հարց չի ծագի, թե ինչո՞ւ ոստիկանության կատարած գործողությունը լուսաբանվում է առանց քաղաքացու համաձայնությունը հարցնելու: Նույն տրամաբանությամբ կարող է լուսաբանվել նաև ոստիկանության չկատարած գործողությունը: Նույն տրամաբանությամբ կարող է լուսաբանվել իրավախախտումը, որևէ իրավախախտում: Բայց բոլոր դեպքերում կա անհատական տվյալների պաշտպանության խնդիր, և մենք ամեն ինչ կանենք՝ այդ տվյալները հնարավորինս պաշտպանելու համար:
Բայց մյուս կողմից, կա նաև հանրային շահ, կա օրինականության շահ, և ես, այո՛, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում միանալ այդ ֆլեշմոբին, այդ թվում՝ անհատական տվյալների հնարավորինս պաշտպանվածությամբ հրապարակել բոլոր դեպքերը, որպեսզի նաև պետական մարմինների աշխատանքը լինի ավելի հասցեական և արդյունավետ:
Կարող եմ ասել, որ այս ընթացքում մենք դրա կոնկրետ օրինակները տեսել ենք և շարունակելու ենք պրոցեսը, իհարկե, որոշակի սրբագրումներ անելով», - ասաց վարչապետը: