05/06/2020 12:48
«Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն». Դեպքին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը (Տեսանյութ)
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, նշելով, որ «դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն»։
«Տեսեք՝ ինչպես է ոտքը դնում մարդու պարանոցին։ Այս քաղաքացու փոխարեն, կարող ենք լինել մենք յուրաքանչյուրս, այն ինչ արեցին այս քաղաքացու հետ, նույնը կանեն մեզանից յուաքանչյուրի հետ, տեսանյութը հենց նոր է նկարահանվել։ Կոչ եմ անում բոլորիդ միավորվել։ Այս ոստիկանները հենց այս պահին պիտի պատասխանատվության ենթարկվեն», - գրել է նա։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Aysor.am-ին ասաց, որ քաղաքացին բերման է ենթարկվել ոտիկանների օրինական պահանջը չկատարելու համար՝ վարչական օրինախախտումների օրենսգրքի 182 հոդվածի հիման վրա։
Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի:
«Սա իմ պահանջն է ոստիկանությունից, սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից», - նշել է նա։